Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա որդի Սեդրակ Քոչարյանն ընդդեմ երկու լրատվամիջոցի գործով առաջին նախնական դատական նիստը:
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանները պահանջում են «Ժամանակ» թերթի հիմնադիր «Սկիզբ» մեդիա կենտրոնից և Առաջին լրատվական ինտերնետային կայքէջի հիմնադիր նույնանուն ընկերությունից հերքել հայցվորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները և հատուցել հրապարակումների հետևանքով հայցվորներին պատճառված վնասը:
Վեճի առարկան հիշյալ երկու լրատվամիջոցում 2012թ. նոյեմբերի 27-ին ու 29-ին հրապարակված երկու հոդվածներն են՝ «Ի՞նչ կապ ունեն Քոչարյանն ու Ծառուկյանը «Նաիրիտ»-ի հետ» և «Քոչարյանների րոպեավճարը»: Ըստ հայցվորների ներկայացուցիչ, փաստաբան Արփինե Մելիքբեկյանի՝ հոդվածներում տեղ են գտել իր վստահորդների պատիվն ու արժանապատվությունը արատավորող զրպարտչական տեղեկություններ: Ուստի հայցվոր կողմը պահանջում է հատուցել իր իրավունքների պաշտպանության ու վնասի հատուցման համար ընդհանուր առմամբ 5 մլն. ՀՀ դրամ՝ համապարտության կարգով:
Հայցվորների ներկայացուցիչը հայտնեց նաև, որ անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին ինքը նամակ է հղել «Սկիզբ» մեդիա կենտրոնին՝ իր վստահորդների պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու խնդրանքով, սակայն ոչ հերքում, ոչ էլ որևէ արձագանք չի հետևել:
Պատասխանողներից մեկի՝ «Սկիզբ» մեդիա կենտրոնի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն իր հերթին նկատեց, որ հիշյալ նամակին կցված չի եղել համապատասխան լիազորագիր, այդ պատճառով էլ լրատվամիջոցը չի արձագանքել:
Ըստ պատասխանողի ներկայացուցչի՝ հայցադիմումը ոչ ճիշտ ու ոչ հստակ է կազմված: Նա տարակուսանք հայտնեց, որ հայցվորները պահանջում են երկու լրատվամիջոցներից հատուցում՝ համապարտության կարգով՝ ոչ մի պատասխանող ուրիշի փոխարեն պատասխանատվություն չի կրում: Ներկայացուցիչը պարզաբանեց, որ լրատվամիջոցների միջև որևէ կապ ու փոխկապակցվածություն չկա՝ բացի նրանից, որ լրատվամիջոցների հիմնադիրները եղբայրներ են, իսկ ազգակցական կապը չի կարող հայցի բավարարման հիմք դառնալ:
Հայցվոր կողմի միջնորդությամբ նիստը հետաձգվեց՝ ապրիլի 3-ի նախնական դատական նիստում հայցվոր կողմը կներկայացնի երկու ընկերությունների փոխկապակցվածության մասին, ինչպես նաև լրացուցիչ ապացույցներ: