Բոլոր ժամանակների ամենացանկալի դերասան Ալեն Դելոնը Հայաստանում է:

Այսօր երեկոյան «Մոսկվա» կ/թ-ում տեղի կունենա «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի երևանան պրիմերիան: «Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիայի պրիմիերայի շրջանակներում Հայաստանում է ֆիլմի ստեղծագործական խումբը, այդ թվում՝ աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը:

«Առաջին անգամ եմ Հայաստանում, այսօր ձեր նախագահի հետ հանդիպման ժամանակ ասացի, որ չէի կարծում, թե Հայաստանում ինձ այսքան սիրում են: Ոչ ոք ինձ այդ մասին  չէր ասել, Շառլ Ազնավուրն իմ ընկերն է, բայց այդ մասին ինձ չէր ասել: Նախագահն ասաց՝ Շառլ Ազնավուրը հավանաբար ինձ այդ մասին չի ասել, որ չմեծամտանամ»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ալեն Դելոնը:

Վերջինս նշեց, որ մեծ անակնկալի է եկել՝ տեսնելով, որ Հայաստանում իրեն այդքան մեծարում են:

Լրագրողի այն հարցին, թե ինչի կարիք ունի լեգենդար դերասանը, Ալեն Դելոնը պատասխանեց.«Ես ամեն ինչ ունեցել եմ և ունեմ: Իսկ հիմա ես սիրո կարիք ունեմ»:

Լեգենդար դերասանը նշեց, որ մեծ հաճույքով է նկարահանվել ֆիլմում, քանի որ հենց սկզբից իրեն դուր է եկել ֆիլմի բովանդակությունը:

Հարցին, թե ինչ կնվիրեր իր մորը ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը, եթե նա կենդանի լիներ, լեգենդար դերասանը պատասխանեց. «Տասնվեց տարի առաջ մահացավ իմ մայրը: Ես մտածում եմ նրա մասին ամեն օր: Եթե նա ողջ լիներ, ես նրան նվերներ չէի անի, միայն կաշխատեի նրա կողքին լինել, նրան տալ իմ սերը, ինչին նա արժանի էր: Այն ամենը ինչին ես հասել եմ, մորս շնորհիվ է, եթե ունեմ գեղեցկություն և տաղանդ, ապա դա նրանից եմ ժառանգել»: Այս խոսքերը հնչեցնելուց հետո Ալեն Դելոնը հանեց մի մեծ խաչ, որը իրեն նվիրել էր իր մայրը և խնդրել, որ միշտ պահի իր մոտ և լրագրողների ներկայությամբ համբուրեց այն:

Իսկ ասուլիսի ավարտին լեգենդար դերասանը, որպես ամանորի բարեմաղթանք հայերին մաղթեց երջանկություն և սեր:

Նշենք, որ ֆիլմը նկարահանվել է Ռուսաստանում և Ֆրանսիայում:«Շնորհավոր Ամանոր, մայրեր» կինոալմանախում կտեսնեք նոր պատմություններ և նոր հերոսների նոր արկածներ` միավորված մեկ զգացմունքով` սեր մայրերի հանդեպ: Ֆիլմում ներկայացված է 5 նովել` հումորային և հուզական, լիրիկական և կոմիկական: Յուրաքանչյուր նովել պատմում է մոր և երեխայի` երկու ամենահարազատ մարդկանց սիրո մասին:

Ֆիլմը էկրան կբարձրանա դեկտեմբերի 27-ից: