Հունիսի 21-ին` ժամը 20:00-ին, Երևանի Կարապի լճի տարածքում տեղի կունենա «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի բացման պաշտոնական արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական կայքէջից։

Աղբյուրը փոխանցում է, որ փառատոնի բացման օրը գեղեցիկ պատահականությամբ համընկել է Ելն ի Վիրապեն տոնի հետ, որը խորհրդանշում է Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալը: Փառատոնի բացումը կմեկնարկի հենց Խոր Վիրապից: Այնտեղից կամավորների կողմից պատրաստված 2000-ից ավելի խորհրդանշական մոմերը կտարվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ապա օրհնություն ստանալուց հետո կտեղափոխվեն Երևան: Մոմերը, որոնց կցված կլինեն կարճ աղոթքներ, բացման արարողության ժամանակ Կարապի լճի տարածքում գտնվող հանդիսականները կստանան որպես հուշանվեր: Միջոցառման բովանդակության մասին կազմակերպիչները չեն մանրամասնում, սակայն խոստանում են` հանդիսականներին անսովոր և հաճելի երեկո է սպասվում: Բացման արարողության ժամանակ կներկայացվի նաև կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի հեղինակած «Մեծ հեքիաթ» ստեղծագործությունը, որը գրվել է հատուկ «Ֆրեսկո» փառատոնի համար: Երգի կատարման ընթացքում բեմում կլինեն նաև լսողության խնդիրներ ունեցող երիտասարդները, ովքեր երգի բովանդակությունը հանդիսատեսին կփոխանցեն ժեստերի լեզվով: