Հունիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հոգևոր ֆիլմերի և արդի արվեստի «Ֆրեսկո» փառատոնի ժյուրիի անդամներին ու հյուրերին` գլխավորությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և Ռուս Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչներ Միքայել եպիսկոպոս Լոնգինի և պատմաբան Հայր Իոան Գուայտայի: Հաղորդում ենՄայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հանդիպմանը ներկա էր նաև փառատոնի հոգևոր խորհրդատու և պատասխանատու Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր սպասավոր, Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու գնահատանքն է փոխանցել հոգևոր ֆիլմերի փառատոնի կազմակերպիչներին, որի նպատակն է՝ հոգևոր-մշակութային երկխոսության միջոցով հանրության մեջ նպաստել սիրո, համերաշխության ու մարդասիրական արժեքների ամրապնդմանը և հոգևոր արժեքների տարածմանը:

Նորին Սրբությունը մասնավոր կերպով ընդգծել է հանրության կյանքիցում նման նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը, որոնք, ի հեճուկս ներկա ժամանակներում հոգևոր-բարոյական արժեքների տկարացման և աշխարհիկացման գործընթացների, հասարակական գիտակցության մեջ քարոզում են խաղաղություն, հանդուրժողականություն, մարդասիրություն և համամարդկային այլ արժեքներ:

Ամենայն Հայոց Հայրապետը կարևորել է նաև այն, որ փառատոնի շրջանակներում իրենց գործուն մասնակցությունն են ունենում մեծ թվով հոգևորականներ: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ համատեղ կազմակերպված «Ֆրեսկո» փառատոնն իր բարերար ներգործությունը կունենա հայ հասարակության կյանքում, իսկ փառատոնի անդամներն ու հյուրերը հաղորդ կդառնան հայ ժողովրդի հոգևոր արժեքներին և նրա հարուստ հոգևոր-մշակութային ժառանգությանը:


«Ֆրեսկո» փառատոնի ժյուրիի անդամներն ու հյուրերը, շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին Մայր Աթոռում ջերմ ընդունելության համար, տեղեկացրել են, որ փառատոնին կներկայացվի շուրջ 57 ֆիլմ աշխարհի 17 երկրից:
Վերստին իր գոհունակությունը հայտնելով հոգևոր ֆիլմերի փառատոնի նախաձեռնողներին` Նորին Սրբությունը փառատոնին մաղթել է բարի ընթացք: