«Վերջերս ՙԵրևան Ջուր՚ ՓԲԸ-ն հայտարարություն տարածեց Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի ջրամատակարարման դադարեցման մասին: Պատճառը Կարբի համայնքի վարչական տարածքում` Արային լեռան լանջին` այգիների մեջ, Ապարան-Երևան ջրատարից դեպի Եղվարդ ձգվող 500 մմ տրամագծով ջրատարի վրա անհայտ անձի կողմից կատարված ապօրինի միջամտությունն էր: Կենարար հեղուկը ոռոգման նպատակով օգտագործելու հետևանքով` մատակարարվող ջրի առնվազն 15%-ն արտահոսում էր: Դա էլ, բնականաբար, ազդում էր բնակավայրի առանց այդ էլ ոչ բարվոք ջրամատակարարման վրա:
Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ընկերության ՙԱրևմուտք՚ շահագործման տնօրինության «Գյուղեր» տեղամասի մասնագետները ստիպված էին 24 ժամով դադարեցնել քաղաքի ջրամատակարարումը: Ցավոք, նման դեպքեր համակարգում պատահում են: Հատկապես ամռանը: Իհարկե, ընկերությունը միջամտում է, իրավիճակը շտկում, սակայն մինչ այդ միջադեպի հետ կապ չունեցող հարյուրավոր ու հազարավոր սպառողներ են տուժում:
Տվյալ դեպքում, օգտվելով առիթից՝ Եղվարդում նշված տեղամասի կողմից կատարվեց ևս մեկ անհետաձգելի աշխատանք: Դիտահորերից մեկում հին, չաշխատող փականը փոխարինվեց նորով, որի շնորհիվ հնարավոր դարձավ դադարեցնել դեպի թաղամասերից մեկը ավելցուկային ջրի հոսքը, ուղղելով այն դեպի մեկ այլ թաղամաս: Իսկ դա կարևոր հանգամանք է, եթե հաշվի առնենք, որ ներկայումս այստեղ ջրամատակարարման բարելավումը մնում է համար մեկ խնդիրը»-նշվում է պաշտոնական հաղորդագրությունում:


