ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Այսօր ԵԽԽՎ-ում ելույթով հանդես եկավ Ադրբեջանի արտաքին գործեր նախարարը: Նրա ելույթին հաջորդիվ ես ԵԽԽՎ քարտուղարությանը հանձնեցի իմ տեսակետը Ադրբեջանում տիրող իրական իրավիճակի մասին, ինչը, վստահ եմ, հետաքրքիր կլինի եվրոպացի գործընկերներիս համար:
Ելույթիս տեքստը ստորև ներկայացնում եմ նաև ձեզ:
Հարգելի գործընկերներ,
Անշուշտ դուք տեղեկացված եք, որ Ադրբեջանում ապրիլի 19-ին լրտեսության մեղադրանքով ձերբակալվեց հանրահայտ լրագրող Ռաուֆ Միրկադիրովը: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող այլ ակտիվիստներ՝ Արիֆ և Լեյլա Յունուսները, ապրիլի 29-ին հրավիրվեցին ոստիկանություն՝ հարցաքննության: Նրանք այն հազվադեպ հանդիպող ադրբեջանցիներից են, ովքեր մասնակցում էին «Մարդիկ մարդկանց համար» կամ «Ուղի համար 2» ծրագրին, որտեղ փնտրվում են ուղիներ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանաձևի իրականացման համար:
Ծրագիրը, որին մասնակցում էին Ռաուֆ Միրկադիրովը, Լեյլա եվ Արիֆ Յունուսները, իբրև հիմնական նպատակ որդեգրել էր խաղաղության քաջալերոըմը և իրականացվում էր Գերմանիայի Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի դեսպանատների, Եվրոպական միության և այլ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ:
Ակնհայտ է, որ լրտեսության մեղադրանքը, որ ենթադրում է մահապատիժ, կարող է վերջ դնել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների անգամ տարրական հաղորդակցությանը:
Անկասկած, Լեյլա Յունուսի հարցաքննման հանգամանքերը մեծ ստվեր են գցում Եվրոպայի Խորհրդում ամենահանդուրժող պետությունը լինելու Ադրբեջանի անվերջ ջանքերի վրա:
Բերեմ մեկ պարզ օրինակ` ոստիկանությունում զուգարան գնալիս Լեյլա Յունուսիին ուղեկցել է մի, ով զուգարան է մտել նրա հետ: Այս դեպքի վերաբերյալ Լեյլա Յունուսի պարզ հարցին` թե արդյոք էթիկայի տեսանկյունից ճիշտ է կնոջն ուղեկցել զուգարան և մնալ այնտեղ նրա հետ, մի բարձրաստիճան պաշտոնյա պատասխանել է, որ նա ԿԻՆ չէ, այլ՝ նա ՀԱՅ է:
Հետաքրքիր է, արդյոք այս ատելությունն ու ագրեսիվ հռետորաբանությունը համապատասխանում է Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի Ադրբեջանի ստանձնած նախագահության առաջնահերթություններին, որի մասին րոպեներ առաջ լսեցինք Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի բոցաշունչ ելույթում:
Ի դեպ, բազմաթիվ միջազգային կառույցներ վերահաստատեցին իրենց մտահոգությունները՝ Ռաուֆ Միրկադիրովին կալանքի տակ պահելու, ինչպես նաև Արիֆ եվ Լեյլա Յունուսների հարցաքննության հանգամանքների շուրջ: ԵԽԽՎ-ն որևէ կերպ արձագանքե’ց: Ակնհայտորեն ոչ:
«Ուղի համար 2-ի» շրջանակներում հաղորդակցությունները անչափ կարևոր են փոխադարձ վստահություն հաստատման համար, ինչն էլ կօգնի մեր հասարակություններին նախապատրաստվել հակամարտության խաղաղ բանաձևի ընդունմանը: Սակայն իմ ադրբեջանցի գործընկերները ջանք ու եռանդ չեն խնայում Հայաստանի պատվիրակությանը մեղադրելու ոչ կառուցողական լինելու և երկխոսության ուղիները մերժելու համար, սակայն սա ընդամենը մի անհաջող և անազնիվ փորձ է ԵԽԽՎ ուշադրությունը շեղելու ադրբեջանական իշխանությունների իրական քաղաքականությունից՝ այն է ճնշումների ենթարկել բոլոր նրանց, ովքեր, ի տարբերություն Ադրբեջանի կառավարությանը, փորձում են խաղաղություն երկխոսության գնալ:
Մինչ Ադրբեջանի՝ ԵԽ Նախարարների Կոմիտեի նախագահությունը ստանձնելը դեռ մի փոքր հույս կար, որ այդ երկիրը կարող է հաշվի առնել միջազգային կազմակերպությունների մտահոգությունները և բարելավել իր երկրում մարդու իրավունքների չափանիշերը: Դժբախտաբար, ակնհայտ է, որ սա այդ դեպքը չէ: Ցավով, պետք է նշել, որ թե նախագահությունը ստանձնելու համար մրցավազքի և թե հենց նախարարների կոմիտեի ղեկավարումը ստանձնելու ընթացքում իրավիճակն ավելի է վատթարացել:
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը պետք է լրջորեն մտահոգված լինի Ադրբեջանի՝ իր հանձնառությունները կատարելու ձախողման հարցով, ինչպես նաև համապատասխան գործողութուններ պետք է իրականացնի՝ ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը այս երկրում հաստատելու համար: