«Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես զսպել իշխանության ներկայացուցչի ախորժակը, ինչպես անել, որ նա սեփական բարեկեցությունից ու պաշտպանվածությունից զատ այլ մտահոգություններ էլ ունենա՝ իր պարտականությունների կատարման, հասարակությանը ծառայելու, հանրությանը գոհացնելու առումով: Ըստ էության, մարդկության պատմությունն անհիշելի ժամանակներից այս խնդրի լուծմամբ է զբաղված:Որոշ երկրներում կարողացել են դրա լուծման բանալին գտնել, մեզանում՝ դեռ ոչ: Ինչպե՞ս կարելի է ամբողջ հասարակությանը ձեռնոց նետել և անցկացնել օրինագծեր, որոնք համընդհանուր մերժման են արժանանում և որոնք կիրառման ընթացքում բազում խոչընդոտների են հանդիպելու: Ինչպե՞ս կարելի է ամբողջ իշխանական ապարատը գործի դնել և ամեն գնով՝ անգամ երիտասարդ աղջիկներին ծեծ ու ջարդի ենթարկելու, ոստիկանական համակարգը լիովին հեղինակազրկելու, հանրության անեծքին ու ատելությանն արժանանալու գնով հասնել մի շենքի քանդման:Անգամ եթե այդ շենքի տեղում կառուցվելիք հյուրանոցը պետք է ապահովի միլիարդների եկամուտ, այս անցուդարձն ու լարումը չարժեին, որ իշխանությունը գնար նման առճակատման:Անգամ եթե Անաստաս Միկոյանի արձանը Հայաստանում դրված տեսնելը Վլադիմիր Պուտինի մանկության երազանքն էր, և նա միայն այդ պայմանով էր պատրաստ Հայաստանն ընդունել Մաքսային միության կազմում, չարժեր նման աղմուկի ու առճակատման գնով կանգնեցնել այն:Անգամ եթե կարմիր գծերից, արագաչափերից ստացվելիք եկամուտը պետք է լուծեր մեր բոլոր խնդիրները՝ լցներ ինչպես պետական բյուջեն, այնպես էլ օլիգարխիկ շրջանակների որկորը, դրանց ներդրման հետ կապված բողոքի պոտենցիալ ալիքն ու պետության, հայրենիքի հանդեպ բարձրացող դժգոհությունը պետք է կանխեին այդ գործընթացը և զսպեին այն նախաձեռնողների էնտուզիազմը: