«168 ժամ» թերթը գրում է.

«Ոչ Ղազախստանը, ոչ էլ Բելառուսը առանձնապես ոգևորված չեն Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցման հեռանկարով, իսկ Հայաստանը ոչ միայն որևէ դրական բան չի ստանա այդ անցամակցությունից, այլև որևէ արժեք չի ներկայացնում այդ միության համար, քանի որ նրա տնտեսությունն արդեն իսկ Ռուսաստանի լիակատար վերահսկողության տակ է, բացի այդ` նա թշնամական հարաբերություններ ունի իր երկու հարևանների` Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որոնք իրենց հերթին շատ լավ կապեր ունեն Ղազախստանի և Բելառուսի հետ»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլը՝ անդրադառնալով Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության շուրջ ծավալված վերջին իրադարձությունենրին։

Ըստ նրա՝ Հայաստանը կարող էր լուրջ լարվածություն առաջացնել Ղազախստանի և Ադրբեջանի միջև` Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, հետևաբար՝ հստակ հայտարարվեց, որ Հայաստանը կարող է միանալ Եվրասիական միությանը միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված իր սահմանների շրջանակներում:

Նա «մտահոգիչ» է համարել այն, որ Հայաստանը կարող է չհետևել Նազարբաևի պահանջին, և Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև մաքսակետ կարող է չլինել։

Իհարկե, երբ Հայաստանը հայտնվի այդ ակումբում, շատ դժվար կլինի վերահսկել, որպեսզի Հայաստանը հետևի այդ պահանջին, և ես կասկածում եմ, որ Հայաստանը կանի դա, ինչը շատ մտահոգիչ է: Իհարկե, դեռ հնարավոր է, որ Ղազախստանը վետո դնի Հայաստանի անդամակցության վրա, եթե վերջինս չհետևի այդ կանոններին:
Միևնույն ժամանակ նույն կանոնները պետք է կիրառվեն նաև Ռուսաստանի նկատմամբ: Ռուսաստանը մտադիր է ընդգրկել օկուպացված Ղրիմը Եվրասիական միության մեջ, ինչը բացարձակապես անընդունելի է»,- ասել է նա»։

Ավելի մանրամասնորեն կարող եք կարդալ թերթի համարում: