ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ երեկ տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մամուլի ասուլիսը: Գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ ենթավերնագրերով առանձնացված են այն «առաքելությունները», որոնց անդրադարձել է պարոն Կոստանյանը։
Կառուցվածքային փոփոխություններ
Դատախազության համակարգում կատարված կառուցվածքային փոփոխությունների նպատակն այն է, որ կառուցվածքային ստորաբաժանումները մասնագիտանան ըստ դատախազական լիազորությունների, ի տարբերություն նախկինում սահմանված կարգի, որտեղ կառուցվածքային միավորները բաժանված էին ըստ հանցատեսակների: Աշխատանքի կազմակերպման այս մեխանիզիմը դատախազին հնարավորություն է տալիս մասնագիտանալու ոչ թե ըստ հանցագործության բնույթի, այլ՝ ըստ դատախազական լիազորության:
Կադրային քաղաքականություն
Դատախազության համակարգի գործունեությունը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա` կաշառքի բացարձակ վերացում, մասնագիտական բարձր գիտելիքներ, աշխատանքի նկատմամբ պրոֆեսիոնալ մոտեցում, անվերապահ ապաքաղաքականացվածություն:
Վերջին ինը ամիսների կադրային փոփոխությունների արդյունքում դատախազության համակարգից դուրս է եկել 80-ից ավելի դատախազ, որոնց մի մասի գործունենությունն անհամատեղելի է եղել առաջադրված աշխատանքային չափորոշիչներին: Հմակարգից դուս են եկել նաև պրոֆեսիոնալ և ազնիվ դատախազներ, ովքեր դրա համար ունեցել են սոցիալական, նյութական կամ անձնական պատճառներ::
Կադրային փոփոխությունների, կամ համակարգում սերնդափոխության անհրաժեշտությունն ակնհայտ էր: Արդյունքում, դատախազության համակարգը համալրվել է նոր, երիտասարդ, գիտական մտածելակերպ ունեցող և գիտական ասպարեզում իրենց դրսևորած մասնագետներով /20-ից ավելի գիտությունների թեկնածու/: Փոխվել է դատախազության համակարգի գրեթե 1/3-ը: Սերնդափոխությունը և նոր մտածելակերպը ինքնին կհանգեցնի նաև դատախազի նոր կերպարի ձևավորմանը:
Կոռուպցիայի դեմ պայքար
Կոռուպցիայի դեմ անողոք պայքարը ևս դատախազության գործունեության գլխավոր սկզբունքներից է: Կաշառքի սխեման հետևյալն էր` կաշառքի պայմաններում, իրավապահ բլոկում հատկապես, ըստ էության գոհ են լինում բոլոր կողմերը, օրինակ՝ մեղադրյալը կամ կասկածյալը իր բոլոր բարեկամներով, տուժողը, որովհետև մինչև կաշառքի սխեմայի աշխատելը, տուժողի հետ որոշակի հարցեր են համաձայնեցվում, կաշառակեր ոստիկանը, քննիչը, դատախազը, դատավորը՝ իրենց հարազատներով: Սա մարդկանց մի ստվար խումբ է, որտեղ, որպես կանոն, բոլորը գոհ են, քանի որ հասնում են ցանկալի արդյունքի: Կաշառքի սխեմայի բացակայության պայմաններում, որքան էլ տարօրինակ թվա, դժգոհությունները բավական շատ են լինում, քանի որ վերոնշյալ անձանցից որևէ մեկը չի հասնում իր համար ցանկալի և, ըստ էության, ապօրինի ակնկալիքին:
«Օրենքի առաջ բոլորը հավասար են»
Սա դատախազության գործունեություն հիմնարար սկզբունքն է: Վերջին ամիսներին կատարված լուրջ և ծավալուն աշխատանքների արդյունքում, այսօր արդեն, կարող ենք փաստել, որ որևէ մեկը չի կարող պատժվել իր չկատարած հանցանքի համար, և մյուս կողմից, հանցավոր արարք գործած յուրաքանչյուր անձ կստանա իր գործած հանցանքին համարժեք պատիժ: Այդ են վկայում նաև վերջին շրջանում կայացված արդարացման դատավճիռները, մեղադրանքի, խափանման միջոցների փոփոխությունները, ինչը երբեմն հանրությանը ներկայացվում և բնութագրվում է որպես դատախազի աշխատանքի թերացում, այնինչ արդարացման դատավճիռների, մեղադրանքի և խափանման միջոցների փոփոխման վերջին ամիսներին արձանագրված դեպքերի հիմքում հիմնականում դատախազի պրոֆեսիոնալ և անկողմնակալ մոտեցումն է: