ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եթե ԵՄ «Ասոցացման համաձայնագրի» ստորագրումը բացասական հետևանքներ ունենա ԱՊՀ ազատ առևտրի գոտու վրա, ապա Ռուսաստանը կդիմի համապատասխան պաշտպանիչ միջոցների՝ նախատեսված ԱՀԿ կանոնակարգով:
Միևնույն ժամանակ, թիվ մեկ ռուս դիվանագետը կոչ է արել վերոնշյալ երկրներին, ինչպես նաև՝ ԵՄ-ին խորհրդակցություններ կազմակերպել ռուսական կողմի հետ՝ հետագա խնդիրներից խուսափելու համար: Լավրովի խոսքով՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ի հակառակ իր խոստմանը, դեռ չի արձագանքել վերոնշյալ խնդրի շրջանակներում երկխոսություն սկսելու առաջարկին:
Լավրովի հայտարարությանն արդեն անդրադարձել են վրացի պաշտոնյաները, մասնավորապես վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զ. Աբաշիձեի խոսքով՝ կարևորն այն է, որ Ռուսաստանը չխոչընդոտեց հունիսի 27-ին նախատեսված Վրաստանի կողմից «ԱՀ»-ի ստորագրմանը, իսկ ՌԴ արտգործնախարարի առաջարկը, ըստ Աբաշիձեի, կքննարկվի վերոնշյալ համաձայնագրի ստորագրումից շատ կարժ ժամանակ անց՝ ՌԴ փոխարտգործնախարար Գ. Կարասինի հետ հանդիպման ժամանակ:
Հ.Գ. Փաստորեն պաշտոնական Մոսկվան կատարում է իր խոստումը, և չի միջամտում Վրաստանի՝ «ԱՀ»-ի ստորագրմանը, սակայն Լավրովի վերջին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան զգուշացում Վրաստանին, առ այն որ եթե Թբիլիսին փորձի փոխել իր մարտավարությունը և սկսի այլ տոնով խոսել Ռուսաստանի հետ, ապա վերջինս դա անպատասխան չի թողնի, ինչն, ըստ էության, բացասաբար կանդրադառնա առաջին հերթին վերջին տարիներին ռուս-վրացական հարաբերությունների բարելավման գործընթացի զարգացման արդյունքում զգալի առաջընթաց գրանցած առևտրա-տնտեսական երկկողմ հարաբերությունների վրա, գրել է իր ֆեյսբուքյան էջում վրացագետ Ալիկ Էրոյանցը: