Times.am-ը գրում է,- Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջին շրջանում Արցախում նույնպես սկսել են քննարկել երկրի խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու հնարավորությունը: Այդ մասին Aparaj.am կայքին տրված հարցազրույցում ասել է նաև ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Վերջինս կարծիք էր հայտնել, որ միջազգային հանրության ճնշումների պարագայում «ծանր բեռը մեկ անձին թողնելն անթույլատրելի է: Այս մարտահրավերներին կարող է դիմանալ միայն խոհրդարանական կառավարման համակարգը»:
Նույն կայքին տրված մեկ այլ մեկնաբանության մեջ, անդրադառնալով Facebook սոցիալական ցանցում ծավալված քննարկումներին, Արթուր Աղաբեկյանն ասել է, որ վաղուց է վաստակել ԼՂՀ Նախագահի թեկնածու լինելու իրավունքը՝ հավելելով, որ աղաքական գործչի գերնպատակը պետք է լինի ոչ թե վաստակած իրավունքի իրացումը, այլեւ պատասխանատվություն ստանձնելու կամքի դրսեւորումը: «Այսօր ես պատրաստ եմ ստանձնելու այդ պատասխանատվությունը, եւ իհարկե ցանկություն ունեմ լինել ԼՂՀ նախագահի թեքնածու», - ասել է Աղաբեկյանը:
Արցախի փոխվարչապետի դիրքորոշումն ավելի հստակեցնելու նպատակով, մեր թղթակիցը զրուցել է Արթուր Աղաբեկայնի հետ՝ խնդրելով պատասխանել միայն մեկ հարցի:
Եվ ի՞նչ, պարոն Աղաբեկյան, պարլամենտարիզմ թե՞ նախագահի թեկնածու:
Իհարկե պարլամենտարիզմ, քանի որ խոսք եմ ուղղել ֆեյսբուքյան քննարկումների մասնակիցներին, ուզում եմ նորից բարձրաձայնեմ, որ առաջարկս ամենևին էլ անձնավորված չէ և անհրաժեշտ է հետագա քննարկումները ընթանան համակարգային այնպիսի փոփոխությունների շուրջ, որոնց իրականացումը կբերի ավելի հզոր Արցախ ունենալուն:
Այսօր Արցախում կյանքի են կոչվում տնտեսական մեծ ծրագրեր, այսօր ունենք անհանգիստ և լարված առաջնագիծ, և պետք է քննարկումները ընթանան Արցախի քաղաքացիների բարեկեցության բարձրացման և Արցախի հզորացման շուրջ:
Լուսանկարը՝ Արմենպրեսի