Հունիսի 25-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բնակչության ամառային հանգստի ծառայության կազմակերպման խնդիրները:
Անդրադառնալով ամառային ամիսներին իրականացվող ծառայության առանձնահատկություններին՝ ոստիկանության պետը հատկապես կարևորել է հանգստի վայրերում գտնվող երեխաների անվտանգության ապահովման առաջնահերթությունը:
Վլադիմիր Գասպարյանը ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է ուժեղացված ծառայություն կատարել մարզային ճանապարհների հատկապես հանգստյան գոտիների ուղեհատվածներում, ստուգել խճուղիների գծանշումը և սերտորեն աշխատել մարզերի ղեկավարության հետ՝ այդ ուղղությամբ թերացումները բացառելու նպատակով:
Ոստիկանության պետը անչափահասների գործերով ծառայության պատասխանատուներին հրահանգել է ուժեղացնել ծառայությունը բնակավայրերում, մասնավորապես՝ մայրաքաղաքում, որտեղ ամռանը կազմակերպվում են մանկական բակային ճամբարներ, հավաքույթներ ու ժամանցային այլ միջոցառումներ:
Միևնույն ժամանակ՝ հանձնարարվել է ոստիկանության ուժերով ու միջոցներով կազմակերպել և իրականացնել անապահով ընտանիքների, մանկատների երեխաների ամառային հանգստի միջոցառումներ:
Օպերատիվ ծառայությունների ղեկավարներին հանձնարարվել ՝ տեսադաշտում պահել հանգստի գոտիները, մշտապես վերահսկել բոլոր այն տարածքները, որոնք մարդաշատ են լինում ամռան ամիսներին, կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել հակահասարակական երևույթները բացառելու նպատակով:


