«168 ժամ» թերթի առաջնորդներից մեկը գրում է.

«Հայաստանում արտաքուստ բավական բուռն ներքաղաքական-քաղաքացիական զարգացումներ են ընթանում: Ոչ իշխանական ուժերը պայքարում են կառավարության դեմ, նույնիսկ պահանջներ ու վերջնաժամկետներ են ներկայացնում, քաղաքացիական ամենատարբեր ակտիվիստները մարտնչում են Աֆրիկյանների շենքի քանդման, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ:

Հայաստանից անտեղյակ մեկին կարող է թվալ, թե այս երկրի հիմնական խնդիրները պայմանավորված են սոցիալ-տնտեսական իրավիճակի, մշակութային կոթողների պահպանության և այլ նմանատիպ հարցերով: Մինչդեռ իրականում Հայաստանի գրեթե բոլոր խորքային խնդիրները սկսվում և ավարտվում են արտաքին քաղաքական կողմնորոշմամբ, ավելի կոնկրետ՝ ռուսական ազդեցությանն անշրջելիորեն տուրք տալու հանցավոր պատրաստակամությամբ:

Երեկ Երևանում մեղադրողը հրապարակել է Շանթ Հարությունյանի և նրա համախոհների մեղադրական եզրակացությունները:

Բայց Երևանում ոստիկանների հետ կռիվ տվող ու նախարարների վրա կոպեկներ շաղ տվող որևէ ակտիվիստ, ոչ էլ Ազգային ժողովի ամբիոնի մոտ անվեհեր ելույթ ունեցող որևէ պատգամավոր դատարանի դահլիճում չէ, անգամ դատարանի բակում չէ: Որովհետև կուտակայինը՝ կուտակային, Աֆրիկյանը՝ Աֆրիկյան, բայց ինչպե՛ս կարելի է բարոյական աջակցություն հայտնել մեկին, ով համարձակվել է հայհոյել Պուտինին:

Շանթ Հարությունյանի դատավարությունը Հայաստանի քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության իրական կենսունակությունը ստուգող թեստ է: Բացասական արդյունքով թեստ: Ազատություն Շանթ Հարությունյանին և մյուս քաղբանտարկյալներին»:

Ավելի մանրամասնորեն կարող եք կարդալ թերթի համարում: