«168 ժամ» թերթը գրում է.
«Մեր դիվանագիտական աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության միջև չբանակցված և չլուծված խնդիրներ, ըստ էության, գոյություն չունեն: Հետաձգման պատճառն առավելապես քաղաքական է:
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երեք երկրներից երկուսը՝ Բելառուսը եւ Ղազախստանը, դեմ են Հայաստանի անդամակցությանը, քանի որ մտահոգություն ունեն, որ Հայաստանի անդամակցության դեպքում կխախտվի այդ միությունում առկա ուժերի բալանսը:
Եվրասիական տնտեսական միությունում բոլոր վիճելի հարցերը լուծվում են նաև քվեարկությունների միջոցով: Բելառուսը և Ղազախստանը ներկա ձևաչափի պայմաններում շատ հաճախ կարողանում են համաձայնության գալ իրար հետ և Ռուսաստանին պարտադրել իրենց համար ընդունելի մոտցումներ: Եթե Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին՝ ուժերի հարաբերակցությունը փոխվում է, քանի որ Հայաստանը որևէ դեպքում չի կարող միանալ Բելառուսին և Ղազախստանին՝ ընդդեմ Ռուսաստանի: Ընդհակառակը` Ռուսաստանը ցանկացած ժամանակ կարող է Հայաստանի մեկ ձայնն օգտագործել` իր համար անընդունելի որոշումների կայացումը վիժեցնելու համար: Հենց այդ պատճառով էլ Բելառուսն ու Ղազախստանն ամեն կերպ խոչընդոտում են Հայաստանի անդամակցությանը, իսկ թե որքան դա կարող է շարունակվել, ոչ ոք հստակ չի կարող ասել»։
Ավելի մանրամասնորեն կարող եք կարդալ թերթի համարում: