Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանյան կողմին նշում է ուղարկել, որի մեջ ասվում է Ռուսաստանի կողմից ուղարկված հումանիտար օգնությունը ընդունելու անհնարինության մասին՝ նրա վերջնական հասցեատերի անորոշ լինելու պատճառով: 

Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Կիև էր ուղարկել նշում, որով նախատեսվում էր Ուկրաինայի արևելքում գտնվող փախստականներին հումանիտար օգնություն տրամադրել: 

Ենթադրվում էր, որ բեռնատար ավտոմեքենաները հունիսի 28-ին կշարժվեին դեպի Լուգանսկ, Դոնեցկ, ինչպես նաև այլ տարածքներ, որտեղ գտնվում են փախստականները:

Սակայն ուկրաինական կողմը հրաժարվել է այս օգնությունից՝ պատճառաբանելով ՄԱԿ-ի «փախստականներ» բառի բնորոշումը: Մասնավորապես Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում պարզաբանում են. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դոնեցկյան ու Լուգանսկյան տարածքները, ինչպես նաև Ղրիմի Ավտոնոմ Հանրապետությունը հանդիսանում են Ուկրաինայի անբաժանելի մաս, և համաձայն միջազգային փաստաթղթերի՝ այս տարածքներում ապրող քաղաքացիները չեն կարող ունենալ «փախստականի» կարգավիճակ»: