Ս.թ. հունիսի 26-ից 28-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Բաթում քաղաքում մասնակցել է Վրաստանի Պաշտպանության և անվտանգության համաժողովին:
Համաժողովին մասնակցել են Վրաստանի նախագահը, վարչապետը, խորհրդարանի խոսնակը, պաշտպանության նախարարը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների պաշտպանության նախարարներ, Եվրամիության, միջազգային տարբեր կազմակերպությունների ու գործընկեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ ու դիվանագետներ: ՀՀ ՊՆ պատվիրակությանն ուղեկցել է Վրաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վ. Աֆյանը:
Համաժողովի ընթացքում քննարկվել է միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես` քննարկվել են ՆԱՏՕ-ն Վրաստանի անդամակցությանը, հունիսի 27-ին ստորագրված Եվրաասոցացման համաձայնագրին, Ուկրաինայում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Կարևորվել են Եվրաատլանտյան անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևծովյան տարածաշրջանի, Եվրամիության սահմանների անվտանգության և կայունության ապահովման հարցերը:
Համաժողովի շրջանակում ՀՀ պատվիրակության անդամ, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է. Ապրիամովը հանդիպում է ունեցել Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Վ. Քափանաձեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի զինված ուժերի համագործակցությանը վերաբերող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Մ, Դարչաշվիլիի, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության և անվտանգության դեպարտամենտի փոխտնօրեն, փոխծովակալ Պ. Պիրսի, Մեծ Բրիտանիայի միջազգային անվտանգության ռազմավարության նախարար Ա. Մորիսոնի, Ֆրանսիայի ՊՆ պաշտպանական քաղաքականության դեպարտամենտի փոխտնօրեն Պ. Ադամի հետ: Հանդիպումների հիմնական նպատակն է եղել քննարկել համագործակցության առկա հարցերը, ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելություններին հայ խաղաղապահների ներգրավման խնդիրները, ինչպես նաև նախանշել այն հեռանկարները, որոնք կարող են ի հայտ գալ անվտանգային փոփոխվող ու վերաձևվող միջավայրի պայմաններում: Բոլոր հանդիպումների ընթացքում պատրաստակամություն է հայտնվել շարունակել փոխգործակցությունը` հանուն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ամրապնդման: