«Մի պարանից գիշերը կախեցին, մյուսից՝ ցերեկը,
թևքերը վեր քաշեցին ու
հոգոցը թևատակը խցկած՝ նստեցին պատի տակ…»:

Ավ. Իսահակյանի անվան գրադարանում հունիսի 28-ին կայացավ «ԱյլԱրտ» գրական ակումբի կազմակերպած հերթական ընթերցումը:
Այս անգամ ակումբի հյուր-թիրախն էր բանաստեղծուհի Ռուզաննա Ոսկանյանը: Բացի հեղինակից, Ռուզաննայի բանաստեղծությունները ներկայացրեցին Նաիրա Մուղդուսյանը, Մարիամ Խաչատրյանը, Վահե Արսենը և Մանանա Մաթևոսյանը: Կարդացին արդեն ավանդական դարձած տարբերակով՝ հեղինակի հետ բեմին նստած՝ լսարանի հետ նույն հարթության վրա: Ընթացքում ներկաները հարցեր տվեցին, քննարկեցին բանաստեղծությունները, հայտնեցին իրենց կարծիքները դրանց վերաբերյալ, մտահոգությունները, հնչեց նաև քննադատություն, որը վերածվեց բանավեճի՝ հատուկ անմիջականություն ու կենդանություն հաղորդելով հանդիպմանը:
«Պարանը ճոճվում էր վերևում, ես դանդաղ գնում էի դեպի այն:
Աշխարհը երեք անկյուն ունի.
աշխարհը եռանկյուն է.
ծնվելիս, ապրելիս ու վերջում՝ ամենավերջում, լինում ես մենակ…
Վերջն էր…»,
- «Ինչո՞ւ է երիտասարդ կինն այսքան վատատես», - հարց հնչեց դահլիճից: Հարց տվողը մտահոգ էր. այսօր պոեզիան շատ վատատեսական տրամադրություններով է լեցուն: Ի պատասխան, «ԱյլԱրտ» ՀԿ-ի նախագահ, բանաստեղծ Վահե Արսենը նշեց. «Արվեստն արտացոլում է իրականությունը, բանաստեղծն արտացոլում է հասարակության հոգին ու հոգեվիճակները, որոնք երբեմն իրոք որ չափից ավելի վատատեսական են ու փակուղի են տանում: Հոգեկան ուրախությունն էլ է բնական, ցավն էլ...»:
Ռ. Ոսկանյանն էլ նշեց, որ բանաստեղծությունն ուղղակի ծնվում է՝ անբացատրելի մի հարթությունում, ու դժվար է վերահսկել և ուղղորդել այն:
Ի դեպ, այս անգամ «ԱյլԱրտ»-ի հյուր-բանաստեղծը յուրահատուկ առաջարկություն էր արել, որն էլ իրականացվեց դահլիճում: Ներկաներին բաժանվեցին Ռուզաննայի բանաստեղծություններից մեկի պատճենները, որը կարդալուց հետո վերջիններս պետք է իրենց ուղեղում առկայծած առաջին զուգորդումները հանձնեին թղթին և բանաստեղծությունը հեղինակի կողմից ընթերցելուց անմիջապես հետո դրանք բարձրաձայն հրապարակեին:
«...Առաջին կրակոցից մեռար,
Երկրորդից ցավ չզգացիր,
Երրորդը տեղ չհասած՝ սյուն ձևացար…»: