ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և ԱԻՆ փրկարարական ծառայության պետի տեղակալ, գեներալ Վ. Գաբրիելյանի ուղեկցությամբ հունիսի 28-ին այցելել են «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափեր՝ հուլիսի 1-ին նախատեսված բացման նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու համար:
Նրանք շրջայց են կատարել հանրային երեք լողափերով, ծանոթացել հանրային սպասարկման ծառայությունների մատուցման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Լողափերում անվտանգության ապահովման և փրկարարական աշխատանքների իրականացման պատրաստվածության շուրջ Արամայիս Գրիգորյանը քննարկում է անցկացրել տարածքային ոստիկանական, փրկարար և բժշկական ծառայություն իրականացնող մարմինների պատասխանատուների հետ: «Սևան» ազգային պարկում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հանգստյան ժամանակահատվածին լողափերի պատրաստվածության աստիճանի վերաբերյալ:
Բնապահպանության նախարարը նաև նշել է, որ «Սևան» ազգային պարկի աշխատակազմը, իրականացնելով համապատասխան հանձնարարականները, ՀՀ ԱԻՆ, ոստիկանական ծառայության և Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան բաժինների հետ համատեղ աշխատանքի արդյունքում լիարժեք պատրաստվածության են բերել ծառայությունների մատուցմամբ 3 հանրային լողափերը, որոնք հուլիսի 1-ից կընդունեն հանգստացողներին: Արամայիս Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ նախատեսվում է առաջիկայում ավելացնել ծառայությունների մատուցմամբ հանրային լողափերի թիվը:


