Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ ընտանեկան ջերմություն եւ հաջողություններ: Թող ձեզ շրջապատող տղամարդկանց՝ ձեր հայրերի, ամուսինների, եղբայրների ու որդիների սերը, հոգատարությունն ու նվիրվածությունը դուք զգաք ու վայելեք տարվա բոլոր օրերին:
Թող միշտ լինեք հմայիչ ու գեղեցիկ: Մաղթում եմ, որ ունենաք ավելի մեծ դերակատարություն մեր երկրի պետական ու հասարակական կյանքում: Ձեր ներկայությամբ եւ ներգրավվածությամբ դուք դրականորեն փոխում եք մթնոլորտը բոլոր ասպարեզներում՝ դարձնելով ավելի բարի ու հանդուրժող, ավելի կառուցողական ու արդյունավետ:
Մարտի 8-ը մեզ համար առիթ է՝ արտահայտելու մեր երախտագիտությունը ձեզ եւ վերահաստատելու մեր պատրաստակամությունը՝ անելու ավելին հանուն մեր մայրերի, մեր կանանց, քույրերի ու դուստրերի»: