ՀՀ ֆինանսների նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժման առնչությամբ: Հայտարարության մեջ ասվում է.
«Թեև ՀՀ ֆինանսների նախարարությունն արդեն իսկ հերքել է ֆինանսների նախարարի առնչությունն Աֆրիկյանների ակումբին, ԶԼՄ-ները համառորեն փորձում են շինությունը կապել Գագիկ Խաչատրյանը անվան հետ: Այդ իսկ պատճառով ևս մեկ անգամ պարզաբանում ենք՝ ո՛չ ֆինանսների նախարարը, և ո՛չ էլ՝ իր հարազատները որևէ առնչություն չունեն Աֆրիկյանների ակումբի հետ»:
Հիշեցնենք՝ մինչ այս «Հետք»-ը գրել էր, որ քաղաքացիների ջանքերը՝ փրկել պատմամշակութային հուշարձան ճանաչված Աֆրիկյանների ակումբը, արդյունք չի տալիս: Ինչու արդյունք չի տալիս, որովհետև դրա ետևում կանգնած է Հայաստանի մեծահարուստ պաշտոնյաներից մեկը՝ ՀՀ ֆինանսների նախարար, պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը: Գագիկ Խաչատրյանն, իհարկե, պաշտոնապես չի երևում, ինչպես իր մնացած բոլոր բիզնեսներում, բայց «խաղահրապարակում» իր հետ փոխկապակցված անձինք են:


