«Հրապարակ»-ը գրում է.
«Երեկ` հուլիսի 1-ին Հայաստանը ոչ միայն չանդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, այլև ռուսական ընկերությունների վատ տնտեսվարման պատճառով գազի գնի բարձրացումից հետո հիմա էլ բարձրացավ էլէներգիայի գինը»,- արձանագրեց կառավարության մեր աղբյուրը` տեղեկացնելով, որ այդ թանկացումը նաև շանտաժի արդյունքում եղավ. ընկերությունն սպառնացել էր՝ եթե գինը չբարձրանա, կրճատումներ կանի: Սակայն պատճառները միայն դրանք չեն. նուրբ` կոռուպցիոն մանիպուլյացիաներ ևս կան:
Խոսքը ոչ միայն Վրաստանից Հայաստան ներկրվող էլէներգիային է վերաբերում, այլև Հայաստանից արտահանվող: Բանն այն է, որ ատոմակայանի էժան էներգիան, ըստ նույն աղբյուրի, արտահանվել է, դրսից գնվել է թանկ էներգիա՝ տեղեկացրեց մեր աղբյուրը: Ավելին, ներդրումներ գրեթե չեն եղել: «Անմխիթար է ոչ միայն ողջ համակարգի, այլև նախարարության շենքային վիճակը, եթե մտնեք նախարարի սենյակ, ձեզ կթվա, թե անցյալ դարի 30-ականներն են՝ գրեթե չի վերանորոգված: Երկար տարիներ նախարար աշխատող Արմեն Մովսիսյանին էլ կարող էիր աշխատասենյակում հողաթափերով տեսնել. ինչպիսին գլուխն է եղել, այնպիսին էլ մարմինն է, ի՞նչ էիք ուզում»:
Ավելի մանրամասն կարող եք կարդալ թերթի համարում: