«Աֆրիկյանների տուն» հանրապետական նշանակության հուշարձանի քաղաքաշինական նպատակներով տեղափոխումը առաջացրել է հանրության որոշ հատվածի խիստ անհանգստությունն ու դժգոհությունը: Այդ մասին բողոքներ ենք ստացել նաև մենք:
Ուսումնասիրելով խնդիրը և դրա հետ կապված օրենսդրությունը՝ եկել ենք այն եզրակացության, որ Աֆրիկյանների տան ու այլ պատմամշակութային հուշարձանների պաշտպանության հետ կապված լրջագույն բացթողումներից է այն, որ Հայաստանի օրենսդրությունը լիարժեք համապատասխանեցված չէ Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին Գրանադայի կոնվենցիայի սկզբունքներին՝ չնայած այդ Կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացվել է 2008 թվականի նոյեմբերի 21-ին: Մասնավորապես, մեր օրենսդրության մեջ թերի են պատմամշակութային հուշարձանների տեղափոխմանը վերաբերող կարգավորումները:
Մեր համոզմամբ, քաղաքաշինական նպատակներով հուշարձանի տեղափոխումը հակասում է Գրանադայի կոնվենցիային, քանի որ Կոնվենցիայով նախատեսված բացառիկ դեպքերը, որոնք «հրամայաբար պահանջում են» հուշարձանի տեղափոխում, վերաբերում են միայն «հուշարձանի նյութական պահպանությանը»:
Այսպես, Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին Գրանադայի կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր պետություն պարտավոր է միջոցներ ձեռնարկել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումն արգելելու համար՝ բացի այն դեպքից, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել»: «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` հանրապետական և տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում` ՀՀ կառավարության թույլտվությամբ: ՀՀ կառավարության 29.12.2005թ. որոշման հավելվածով թույլատրվում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխումը բացառիկ դեպքերում` տարածքի բնակլիմայական պայմանների վատթարացման (հեղեղատներ, սողանքներ, նստվածքներ, փլուզումներ և այլն) հետևանքով հուշարձանի կորուստը կանխելու և (կամ) հուշարձանի զբաղեցրած տարածքը պետական կարևորություն ունեցող քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործման ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում: Այսինքն` Կառավարության որոշմամբ մասնավորեցվել են այն դեպքերը, որոնք «հրամայաբար պահանջում են» հուշարձանի տեղափոխումը:
Հետևաբար, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքը և դրա հիման վրա 2005 թվականին ընդունված Կառավարության որոշումը չափազանց լայն հայեցողություն և մեկնաբանություն են տվել արդեն 2008 թվականին վավերացված միջազգային Կոնվենցիայով նախատեսված հուշարձանի տեղափոխման բացառիկ դեպքերը բնութագրող «հրամայաբար պահանջում են» դրույթին:
Այսպիսով, Աֆրիկյանների տան և այլ պատմամշակութային հուշարձանների արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ է հրատապ կարգով փոխել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքը և դրա հիման վրա ընդունված համապատասխան կառավարության որոշումները:
Կրկին հիշեցնում ենք, որ ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ պատմության և մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքները գտնվում են պետության հոգածության և պաշտպանության ներքո: Ըստ սահմանադրական նորմի մեկնաբանության` պետության պարտականությունն է ոչ միայն փրկել հուշարձանները նյութական կորստից, այլև ապահովել դրանց բանական իմաստավորումը, և սերունդների շարունակական հաղորդակցումն այդ արժեքներին (վերջին նպատակների իրագործումը հիմնականում հնարավոր է այն դեպքում, երբ հուշարձանը գտնվում է իր կառուցման վայրում):
Հայտարարությունը տարածվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: