Հուլիսի 4-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռումինիայի արտգործնախարարության պետքարտուղար Բոգդան Աուրեսկուին, ով Հայաստան է ժամանել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խոհրդակցություններին մասնակցելու նպատակով:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիների շուրջ։ Այս համատեքստում կարևորվեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, առևտրատնտեսական համագործակցության խթանումը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը, մշակութային փոխանակումների ակտիվացումը։
Զրուցակիցները բարձր գնահատեցին հայ համայնքի դերակատարությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։
Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղար Աուրեսկուն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին։
Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը` ընդգծելով Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարևորությունը: