«Ժամանակ» թերթը գրում է.

«ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը հասցրել է կուտակել ահռելի ունեցվածք։ Խորհրդարանական ընտրություններից առաջ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում նա բազմաթիվ անշարժ և շարժական գույք է գրանցել։ Եվ այսպես՝ միայն Երևանում նա ունի 7 անշարժ գույք, որից երեքը՝ 610 քմ և 15 քմ տարածքով շինություն և 0,0917 հա հողակտոր Արաբկիրի 38 հասցեում։ Մոտ 913քմ տարածքով շինություն և 0,0906 հա հողակտոր Երևանի Քեռու փողոցում։ Ինչպես նաև 235 քմ տարածքով շինություն և 0,0677 հա տարածքով հողակտոր Գյուլբենկյան փողոցում։

Գ. Արսենյանը հողակտորներ և շինություններ ունի նաև Գյումրիում և Արմավիրում։ Օրինակ՝ Գյումրիում ունի 0,021283 հա հողամաս և մոտ 141 քմ շինություն։ Արմավիրի մարզի Արտամետ համայնքում ունի 157 հա, Տալվորիկում՝ 84 հա, Նոր Կեսարիայում՝ 4 հա և 7 հա հողակտորներ։

Գ. Արսենյանը հայտարարագրել է նաև 5 շարժական գույք, որից երեքը՝ 2003թ. թողարկված «Զեյներ CH-701STOL» ինքնաթիռներ են։ Հայտարարագրել է նաև 2008թ. արտադրության «Լեքսուս LS600HL», «Ռենջ Ռովեր Super Chargeo» եւ «Տոյոտա Պրադո» ավտոմեքենաներ։

Գ. Արսենյանին է պատկանում «Արսօյլ» ընկերությունը։ Նրան են պատկանում նաև «Յունիքորն թրեյդ», «Յունիքորն գրուպ», «Յունիքորն փրինթ», «Յունիքորն թեքնոլոջի», «Յունիքորն քոնթրաքշն» գովազդային, տպագրական և այլ գործունեությամբ զբաղվող ընկերությունները, ինչպես նաև «Բիզնես սթայլ» ընկերության 20 տոկոս բաժնեմասը, «Աննալուս» ընկերության 50 տոկոսը։ Գ. Արսենյանին է պատկանում նաև Տաջիկստանում գործող «Գրանտ Տոբակո» ընկերության 85 տոկոսը։
Գ. Արսենյանն ունի նաև հսկայական ֆինանսական միջոցներ։ Այս տարի Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ անցած տարեվերջին նա ունեցել է 60մլն 639 հազար դրամ, 2,7 մլն դոլար և 21,4 մլն եվրո գումար։ Պակաս հարուստ չէ նաև նրա կինը՝ Էդիտա Ղարագյոզյանը, ով նույն հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում նշել է, որ ունի 217 մլն դրամ, 248 հազար դոլար եւ 10 հազար եվրո»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: