Պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ:
Նկատի առնելով, որ Արգենտինայի Նախագահ տիկին Կրիստինա Ֆերնանդես Դե Կիրչների առողջական խնդիրների պատճառով հետաձգել է իր մասնակցությամբ բոլոր պաշտոնական միջոցառումները, այդ թվում՝ հուլիսի 9-ին երկրի ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները, արգենտինյան կողմի հետ բանակցությունները կայացել են Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի գլխավորած բարձրաստիճան պատվիրակության հետ: Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են Արգենտինայի նախարարների խորհրդի նախագահ Խորխե Կապիտանիչը, պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Անդրես Դոմինգեսը, սոցիալական զարգացման նախարար Ալիսիա Կիրչները, գիտության և նորարարական տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Լինո Բարանյայոն, պետական եկամուտների վարչության պետ Ռիկարդո Դանիել Էչեգարայը, այլ պաշտոնատար անձինք:
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցի շրջանակներում հուլիսի 6-ին նաև հանդիպում է ունեցել Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ: Հանդիպմանը քննարկվել է հայ-արգենտինյան երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նույն օրը Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև արգենտինահայ անվանի գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ:
Այսօր Հանրապետության Նախագահն այցելել է Սան Մարտինի հրապարակ և ծաղկեպսակ դրել Արգենտինայի անկախության պայքարի մարտիկ Սան Մարտինի հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին, որից հետո Սերժ Սարգսյանն այցելել է Բուենոս Այրեսի քաղաքապետարան, հանդիպում ունեցել Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախագահ (քաղաքապետ) Մաուրիսիո Մակրիի հետ: Պաշտոնական այցի շրջանակներում այսօր կայացել է նաև հանդիպում Արգենտինայի Պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Անդրես Դոմինգեսի հետ: Օրվա ավարտին Նախագահը հանդիպում կունենա նաև արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ: