Ի պատիվ պաշտոնական այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ այսօր տրվել է պաշտոնական ճաշ:

(Հատված)

Հայ և արգենտինացի ժողովուրդների միջև բարեկամության խորացման գործում անգնահատելի դերակատարություն ունեն Արգենտինայում հաստատված հայերը: Մեր հայրենակիցների մի ստվար հատված այս հեռավոր և հյուրընկալ ափերում հայտնվել են հենց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հետևանքով: Հիրավի, ճշմարիտ է ասված, որ փորձության պահին երբեք չգիտես, թե որտեղից կգա սփոփանքն ու հույսը: Մենք հավերժ երախտապարտ ենք Արգենտինային Մեծ Եղեռնը վերապրածներին գրկաբաց ընդունելու, պատսպարելու և նոր կյանք սկսելու հնարավորություն ընձեռելու համար: Իրենց հպարտորեն արգենտինացի կոչելով հանդերձ, արգենտինահայերը հպարտ են իրենց հայկական արմատներով, ազգային հարուստ մշակույթով և ավանդույթներով:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին գտնվելով Բուենոս Այրեսում՝ չեմ կարող, իհարկե, չհիշատակել` ոչ միայն Արգենտինայում, այլ նաև Հայաստանում ամենասիրված այդ մարզաձևը: Մեր երիտասարդ սերնդի համար Արգենտինան նախ և առաջ ֆուտբոլային գերտերություն է, Մարադոննայի և Մեսսիի երկիրը: Կարող եմ վստահեցնել, որ Հայաստանի բնակչության զգալի հատվածը երկրպագում է ձեր երկրի հավաքականին, որին ես մաղթում եմ մեծ հաջողություններ:

Ավարտելով խոսքս՝ առաջարկում եմ բաժակ բարձրացնել և առողջություն մաղթել տիկին Նախագահին, բաժակ բարձրացնել ի փառս Արգենտինայի, նրա տաղանդավոր, աշխատասեր և բազմավաստակ ժողովրդի, ի հարատևություն հայ-արգենտինյան բարեկամության: