Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար կզբաղեցնեն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը: Այս մասին մարտի 7-ի ուշ երեկոյան, Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողներին հայտնել է ՀՀԿ մամուլի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ ամբողջական ընտրական ցուցակը կհաստատվի առաջիկայում:

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով հանդես գալու Հայ ազգային կոնգրեսի` «Ժառանգության»-ը, ՀՅԴ-ին և «Բարգավաճ Հայաստան»-ին ուղղված առաջարկին, Է. Շարմազանովը նշել է, որ «առաջին անգամը չէ, որ մեծ մասը միավորվում է Հանրապետականի դեմ, բայց Հանրապետականը կողմ է քաղաքական մրցակցությանը»:

«Մենք ազատ, արդար մրցապայքայրի կողմնակիցներ ենք: Դա իրենց ներքին խնդիրն է` ով ում հետ կմիավորվի: Մենք երբեք որևէ մեկի դեմ չենք միավորվում, մենք այս ընտրություններին, ինչպես բոլոր ընտրություններին, գնալու ենք հանուն գաղափարի, որպեսզի ավելի լավ քաղաք ունենանք մի քանի տարի անց»,-ընդգծել է ՀՀԿ մամլո խոսնակը` հավելելով. «Հանրապետական կուսակցությունն ունի բոլոր շանսերը` գործող քաղաքապետի գլխավորությամբ, հասնել հաջողության: Հարգանքով ենք վերաբերվում բոլոր քաղաքական ուժերին, բոլոր քաղաքացիներին, բայց մենք գտնում ենք` ժողովրդավարությունը դա մրցակցություն է, որը բաց է բոլորի համար»:

Հեղինակ «Փաստինֆո»: