Հուլիսի 9-ին մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն:
Մինչ Նախագահ Խոսե Մուխիկայի հետ հանդիպումը, Սերժ Սարգսյանն այցելել է Անկախության հրապարակ, ծաղկեպսակ դրել գեներալ Խոսե Արտիգասի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:
Հայաստանի և Ուրուգվայի նախագահները քննարկել են միջպետական կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Երկու երկրների նախագահները ուրախությամբ են նշել, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ: Այդ հարաբերությունները, ըստ Հայաստանի և Ուրուգվայի նախագահների, դրսևորվում են տարբեր բնագավառներում փոխգործակցության երկուստեք պատրաստակամությամբ ու միմյանց խնդիրների հանդեպ ցուցաբերվող առանձնակի վերաբերմունքով: Հանդիպմանը ՀՀ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Ուրուգվայի հետ համընդգրկուն օրակարգի զարգացմամբ՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում և պատրաստակամ՝ այդ նպատակին ուղղորդելու անհրաժեշտ ջանքեր:
Ուրուգվայի Հանրապետություն այցի առաջին օրվա առավոտյան Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև գյուղատնտեսական մեծ ներուժ ունեցող Ուրուգվայի «Կոնապրոլե» կաթնամթերքի արտադրական միավորում, որտեղ ՀՀ Նախագահին ներկայացրել են արտադրանքի շուրջ 70 տոկոսն աշխարհի բազմաթիվ երկրներ արտահանող այդ գործարանի ամբողջ արտադրատեսականին, ծանոթացրել արտադրական հզորություններին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոնտեվիդեոյում հանդիպում կունենա նաև Ուրուգվայի Գերագույն դատարանի նախագահ դոկտոր Խորխե Լառիյո Ռոդրիգեսի հետ: Օրվա ավարտին ի պատիվ պետական այցով Ուրուգվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Նախագահ Խոսե Մուխիկայի անունից կտրվի պաշտոնական ճաշ: