Եգիպտոսը իրավամբ համարվում է մշակույթային հսկայական ժառանգություն ունեցող երկիր, որը տարբեր երկրներից իրեն է ձգում մեծ թվով զբոսաշրջիկների: Հայաստանը ևս բացառություն չէ, սակայն հաճախ նկատվում է, որ մարդկանց մոտ կա Եգիպտոսը եգիպտական բուրգերի հետ նույնացնելու միտում: Եթե երբևէ ոտք դնեք մշակութապես հարուստ այս երկիր, մի' մոռացեք, որ եգիպտոսը միայն եգիպտական բուրգերը չեն:
Ռամզես II-ի տաճար: Նեղոս գետի արևելյան ափին` նշանավոր Աբու Սիմբել ժայռի մեջ է գտնվում Ռամզես II-ի երկու հայտնի տաճարները (մ.թ.ա. 1289-1213 թթ): Երկու տաճարներից մեծը նվիրված Է Ամոն, Պտահ և Հարախտի աստվածներին ու իրեն՝ Ռամզես փարավոնին, փոքրը՝ Հաթոր աստվածուհուն և փարավոնի կնոջը՝ Նեֆերտարիին։ Մեծ տաճարի շքամուտքի երկու կողմում քանդակված են մոտ 20 մ բարձրությամբ հսկա արձաններ:
Իսիդայի տաճար: Իսիդան եգիպտական դիցաբանության ամենահայտնի աստվածուհիներից մեկն է, լուսնի, նավարկության, պտղաբերության ու ամուսնական հավատարմության աստվածուհին: Ըստ ավանդույթի նրան էին ենթարկվում քամին ու ջուրը: Իսիդան սիրված աստվածուհի է եղել հին Եգիպտոսում, ինչն էլ պատճառ է հանդիսցել նրա պատվին տաճար կառուցելուն: Տաճարի հիմքերը դրվել են մ.թ.ա IV դարում, սակայն ավարտվել են մ.թ.ա III դարի սկզբին Հռոմի կայսեր Կարակալայի օրոք:
Աստիճանավոր բուրգ, Սաքարա: Ջասեր արքայի դամբարանն է և եգիպտական ամենահին բուրգն ` կառուցված մ.թ.ա 2600թ.:
Թութմոս I-ի հուշասյուն, Կառնակ: Կառուցվել է մ.թ.ա 1530թ.` Նոր թագավորության շրջանում, բարձրությունը կազմում է 23մ, իսկ քաշը 160տ: Ենթադրաբար սյան գագաթը պատված է եղել ոսկով:
Հաշթեփսուտ թագուհու տաճարը: Հաշթոփսուտը (մ.թ.ա1490/1489—1468 ) ավելի հաճախ հայտնի է որպես կին-փարավոն: Այս ուժեղ կինը թեև կարողացավ ապացուցել երկիրը կառավարելու իր կարողությունը, սակայն չկարողացավ մարդկանց մեջ կոտրել այն համոզմունքը, որ Եգիպտոսի արքա կարող է լինել միայն տղամարդը: Այնուամենայնիվ, նրա պատվին կառուցվեց տաճար, որը գտնվում է արքաների հովտից ոչ հեռու և կառուցված է ժայռի մեջ:
Հեղինակ Իզոլդա Սարգսյան