ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի և Հերմինե Նաղդալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացման վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկատվության կապակցությամբ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության իրավաբանական բաժինն անհրաժեշտ է համարել պարզաբանել, որ նախագծով կարգավորվող հարցն ի սկզբանե կարգավորված է ՀՀ գործող օրենսդրությամբ:
Պարզաբանման մեջ ասվում է. «Մասնավորապես, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, ներառյալ` կատարման ծախսերը: Նույն կարգավորումը վերաբերում է նաև վարչական ակտերով բռնագանձումներով վարույթներին՝ հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասը:
Հավելենք նաև, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով հարկադիր կատարողների կողմից պարտապանների բանկային հաշիվների վրա արգելանք է կիրառվում ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 29.08.2006թ. թիվ 520-Ն որոշմամբ սահմանված կարգով: Վերոնշյալ որոշմամբ հաստատված հավելվածի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» որոշման ձևանմուշի (Ձև 1) «Որոշեցի» մասում կոնկրետ նշվում է արգելադրման ենթակա գումարի չափը:
Այսինքն՝ վերը նշված խնդրի կարգավորման տեսանկյունից օրենսդրական բաց առկա չէ»: