Պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող ՀՀ նախագահը «La Nacion» պարբերականին տրված հարցազրույցում խոսել է ՀՀ ամենալուրջ հարցերից մեկի՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքի մասին: Սերժ Սարգսյանը մտահոգություն է հայտնել այս առիթով և մասնավորապես ասել է. «Մեզ համար դա ցավոտ թեմա է, իսկ մեր ժողովուրդը շատ է մտահոգված այն փաստով որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին… Չնայած նրան, որ Ռուսաստանը Բաքվին զենք է վաճառում, նա հանձն կառնի իր ստանձնած պարտավորությունները»:
Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը ի դեպ առաջին և միակ դեպքն է, որտեղ ՀՀ նախագահը որևէ կերպ անհանգստություն է հայտնում Ռուսաստանի իրականացրած գործողության համար: ՀՀ նախագահը, ինչպես բոլորիս հայտնի է, մշտապես լռել է այն թեմաների շուրջ, որոնք վերաբերվում են մեր գործընկեր՝ Ռուսաստանի Դաշնությանը:
Yerevannews.am-ը այն հարցի շուրջ, թե արդյո՞ք ինչով է պայմանավորված նախագահի այսպիսի քայլը զրուցեց ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ:
Այն հարցադրմանը թե ինչո՞վ է պայմանավորված այս հայտարարությունը և ինչու հատկապես հիմա այն կատարվեց Ն. Զոհրաբյանը պատասխանեց, որ ինքը չի կարող ասել, թե ինչու հենց հիմա նախագահը որոշեց խոսել այս մասին: Սակայն նախագահի այս քայլը գնահատեց դրական ու նկատեց, որ սա իրականում հանդիսանում է շատ կարևոր խնդիր, որի մասին անպայման պե՛տք է խոսել, պե՛տք է բարձրաձայնել և համապատասխան լուծում առաջադրել: Սա շատ մտահոգիչ խնդիր է, որի մասին խոսելն ու քննարկելը կնպաստի ՀՀ տարածաշրջանային կոնֆլիկտների որոշակիորեն կարգավորմանը: