Ս.թ. հուլիսի 8-ից 10-ը ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների դասախոսների վերապատրաստմանն ուղղված մեթոդական աշխատաժողովը:
Պարապմունքների անցկացման համար Երևան էր ժամանել Պաշտպանական ակադեմիաների և անվտանգային հետազոտությունների ինստիտուտների Գործընկերություն Հանուն Խաղաղության Կոնսորցիումի մեթոդիստների խումբը:
Աշխատաժողովին մասնակցում էր ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական, Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն, Դ. Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտների պրոֆեսորադասախոսական և վերլուծաբանական կազմը:
Եռօրյա համաժողովը միտված էր մասնակիցների միջև փորձի փոխանակման միջոցով պաշտպանական կրթության և ուսուցման բնագավառում նոր մոտեցումների ու մեթոդների շուրջ փոխներգործող քննարկումների անցկացմանը: Հիմնական շեշտը դրվել է հեռավար տարաբաշխված ուսուցման հնարավորությունները պաշտպանական կրթության ծրագրերում ներմուծելու վրա:
Քննարկվող հարցերի շրջանակը ներառել է ակտիվ ուսուցման ռազմավարությունը, դասընթացների նախագծման, անցկացման և գնահատման մոտեցումները, մեթոդները և գործիքարանը, ինչպես նաև ուսումնական նպատակների և վերջնական արդյունքների սահմանումը: