Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունեցող Հայաստանը ցանկանում է միանալ մաքսային միությանը, միանալու պայմանագիրը պետք է ստորագրվի մոտակա ժամանակներս: Կարծես թե այս հանգամանքը ՀՀ հասարակության բոլոր շերտերին է անհանգստացնում և ինչպես պարզվում է ռուսներն նույնպես մտորումներ ունեն այս առիթով: Կոմերսանտի թղթակից Ալեքսեյ Բոյարսկին կատարել է հետազոտություն մեր հանրապետության յուրահատկությունների մասին, ցանկանալով պարզել, թե արդյոք որքանով է նպատակահարմար մեր մասնակցությունը ՄՄ-ին: Արդյունքներն այնքան էլ ոգևորիչ չեն...մասնավորապես «Կոմերսանտը» նշում է. «Այս փոքրիկ քարքարոտ երկրում Ալեքսեյ Բոյարսկին գտել է ոսկու շուկա, ծիրանի կոնյակ ու շատ խելացի երեխաների, բայց ոչ մի ՄՄ միանալու տնտեսագիտական իմաստ ու հիմնավորում»:
Ներկայացնենք Ձեզ հոդվածի կարևոր դրույթները և փորձենք կատարել որոշակի վերլուծություն: Հոդվածը բաղկացած է 5 մասերից, որտեղ լրագրողը փորձել է բացահայտել մեր երկրին բնորոշ և խորհրդանշական հանգամանքները: Առաջին մասը կրում է «երկրորդը Մադագասկարից հետո» խորագիրը: Սակայն այս դեպքում գործում է «վերջից երկրորդը սկզբունքը»: Այո, որքան էլ տխուր լինի, բայց հոդվածում ներկայացված է ՀՀ տնտեսության իրական վիճակը: Վիճակագրական տվյալներով ՀՀ-ում հանցագործությունների թիվը 9 անգամ փոքր է ՌԴ ցուցանիշից, սակայն սա միակ դեպքն է, երբ ՀՀ-ն առաջտարներից է: Իրականում տնտեսության վիճակը աղետալի է: Ռուս լրագրողը հատուկ նշում է, որ մարդիկ իմանալով, թե որն է նրա ՀՀ գալու պատճառը պատասխանում էին «Էհ, տղա դու ուզում ես գրել այն մասին ինչ գոյություն չունի...»:
2011թ.-ին «Forbes»-ը մեզ դասել է աշխարհի վատագույն տնտեսությամբ երկրների թվին, որտեղ մենք զիջում ենք միայն Մադագասկարին: Վիճակագրական տվյալներով մեր ՀՆԱ-ի գրեթե 90%-ը «բերվում» է Ռուսաստանից: Սակայն Ռուսաստանից մեր կախվածությունը ոչ միայն այս դեպքում է ակնհայտ. մեր տեղական արտադրական, արդյունաբերական և այլ ընկերությունների մեծամասնությունը պատկանում է ՌԴ-ին: Իսկ ֆինանսական համակարգում գործող 25 առևտրային բանկերից 21-ը ունեն օտար սեփականատերեր: Հեռախոսային օպերատորներից 2-ը ռուսական են, իսկ 3-րդը՝ ֆրանսիական:
Սակայն «Կոմերսանտ»-ի թղթակիցը «վատի կողքին տեսնում է նաև լավը»: Նա այցելելով մեր «ոսկու շուկա» զարմացել է տեղական ոսկեգործության արտադրության ծավալներից: Հոդվածի մեջ նա մարամասնորեն բնութագրություն է տալիս սկսած շենքից մինչև հայերիս պատկերացումները «պատենտի մասին»: Ոսկերչական գործունեության ճյուղը Հայաստանում մոլիբդենի ու մեղրի արդյունաբերությունից հետո հանդիսանում է երկրորդը: Այնուհետև ռուս լրագրողի ուսումնասիրության առարկա է հանդիսանում մեր կոնյակի ու գինու արդյունաբերությունը, մասնավորապես «Արարատ» ու «Նոյ» կոնյակի գինու գործարանները, որոնք այժմ պատկանում են «Pernod Ricard» ֆրանսիական ընկերությանը: Նրա ուշադրությունից չի վրիպում նաև մեր IT ոլորտը, մասնավորապես՝ «Այբ» դպրոցն ու «Թումո» կենտրոնը:
Իսկ հիմա վերադառնանք մեր և ՄՄ անդամակցող մյուս երկրների տնտեսական օգուտներին, մասնավորապես փորձենք պարզել, թե մեր ՄՄ անդամակցելու արդյունքը, որը կլինի: Ինչպես հայտնի է ՀՀ-ն, Վրաստանը, Մոլդովիան ու Ուկրաինան պատրաստվում էին անդամակցել ԵՄ-ին, երբ մեզ հայտնեցին, որ մենք իրականում պատրաստվում ենք անդամակցել Մաքսային միությանը: Բոլորիս հայտնի է, թե սրան ինչպես արձագանքեց Ուկրաինան և ինչպես արձագանքեցինք մենք: Հոդվածում թվարկվում են որոշ դրական հանգամանքներ մեր ՄՄ-ին անդամակցելու դեպքում, օրինակ՝ սպասվում է, որ որոշ չափով կնկատվի տնտեսական աճ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կմեծանա ՀՀ ներդրումային գրավչությունը, կմեծանան նաև արտահանման ծավալները և այլն: Կարևոր հանգամանք է հանդիսանում նաև ՀՀ քաղաքացիների ՄՄ անդամ երկրների ազատ տեղաշարժման հնարավորությունը: Այո, այս ամենը կլիներ արդյունավետ տնտեսության համար, եթե չլինեին բացասական կողմերը, մասնավորապես մենք «կորցնում ենք» մեր հարևան Վրաստանին, քանի որ կսկսենք խաղալ տարբեր դաշտերում: Անհրաժեշտ կլինի բարձրացնել ներմուծման մաքսատուրքերը, որի արդյունքում կթանկանան ներմուծվող ապրանքների գները: Եվ ահա այսպիսի վերլուծությունների արդյունքում Բոյարսկին գալիս է եզրահանգման, որ ՀՀ Մաքսային Միությանը անդամակցելը օգուտներ չի բերի մեզ, և առավել ևս մյուս անդամակցող երկրներին: Մասնագետների մեծ մասը սա դիտարկում են, որպես քաղաքական քայլ:
«Կոմերսանտի թղթակիցը» ՀՀ ՄՄ միանալու հանգամանքը բացատրում է այսպես. «Այսպիսի շրջապատով փոքր հանրապետությունը կարիք ունի ուժեղ դաշնակցի: Պատմականորեն այս դաշնակիցը հանդիսանում է Ռուսաստանը»: