«Հրապարակ» թերթը գրում է.

«Հրապարակի» տեղեկություններով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող Երկրներ Ֆրանսիան և ԱՄՆ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, անում են ամեն ինչ, որպեսզի հուլիսի վերջին, Օլանդի նախաձեռնությամբ, Փարիզում տեղի ունենա հակամարտող երկրների նախագահների հանդիպում: Ի դեպ, մայիսի 7-ին՝ հրադադարի հաստատման 20-ամյակի օրը, ԱՄՆ դեսպանատուն են կանչվել մի խումբ հայ փորձագետներ ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման-զրույցի, կարծիքների փոխանակման:

ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ ցանկանում է փոխել ՄԽ ֆորմատը, և որ կողմերից որևէ մեկը, մասնավորապես Ադրբեջանը, կարող է հրաժարվել «մադրիդյան» սկզբունքներից՝ հետ քաշվելով բանակցային սեղանից, հատկապես ուկրաինական և ղրիմյան զարգացումներից հետո: ԱՄՆ-ի նպատակն է՝ կողմերին հիշեցնել իրենց ստանձնած պարտավորությունները: Ի դեպ, թերթի տեղեկություններով, այդ նույն օրը, նույն օրակարգով Ադրբեջանում էլ ԱՄՆ դեսպան Մորնինգսթարն է նույնպիսի հանդիպում ունեցել ադրբեջանցի փորձագետների հետ:

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն անհանգստացած է այն հանգամանքով, որ ֆորմատային և այլ «փոփոխությունների» արդյունքում Ռուսաստանը կարող է խաղաղապահներ մտցնել Ղարաբաղ՝ վրացական բլից-կրիգի տարբերակով, ինչն իրենք խիստ անթույլատրելի են համարում: Ի դեպ, նախորդ օրն արդեն ադրբեջանական փորձագիտական կողմը հայտարարել էր բլից-կրիգի հնարավորության մասին»: 

Ավելի մանրամասն կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: