Հուլիսի 15-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետքարտուղարի տեղակալ, քաղաքական հարցերով տնօրեն Էդուարդս Ստրիպրայսի գլխավորած պատվիրակության անդամների հետ:
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կարեւորեցին հայ-լատվիական միջխորհրդարանական կապերի խորացումը, անդրադարձան Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ մասնավորապես կարեւորելով համագործակցությանը Արեւելյան գործընկերության շրջանակներում:
Արտակ Զաքարյանը նշեց, որ պատվիրակության այցը նոր ազդակ կհաղորդի հայ-լատվիական հարաբերություններին: Նա կարեւորեց մի շարք ոլորտներում համագործակցության զարգացումը:
Անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը` Լատվիայի ԱԳՆ ներկայացուցիչը նշեց, որ հասկանում եւ հարգում է ՀՀ կայացրած որոշումը եւ որպես ԵՄ անդամ երկիր պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ: Էդուարդ Ստրիպրայսը նույնպես անհրաժեշտ համարեց զարգացնել համագործակցությունը մի շարք ոլորտներում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային խնդիրներին:
Նույն օրը Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետքարտուղարի տեղակալ, քաղաքական հարցերով տնօրեն Էդուարդս Ստրիպրայսի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպեց նաեւ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Քանի որ Լատվիան առաջիկայում նախագահելու է ԵՄ-ում, ապա այս համատեքստում Նաիրա Զոհրաբյանն ու Էդուարդս Ստրիպրայսը քննարկեցին Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող օրակարգային հարցեր: Կողմերը համաձայնեցին, որ ՀՀ-ԵՄ երկխոսությունը շարունակելու համար անհրաժեշտ է իրավական որեւէ հիմքով ամրագրել խնդիրների այն շրջանակը, որոնց շուրջ պետք է ծավալվի ՀՀ-ԵՄ հետագա երկխոսությունը: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ պետք է հասկանալ, թե ՀՀ-ԵՄ երկխոսությունը շարունակելու առկա գործիքները բավարար են, թե՝ ոչ, եւ եթե բավարար չեն, ապա պետք է ներգրավել նոր գործիքներ: Զրուցակիցները նշեցին նաեւ Լատվիայի եւ Հայաստանի խորհրդարանների երկխոսության կարեւորությունը: Կողմերն ընդգծեցին, որ պետք է ակտիվացնել խորհրդարանական դիվանագիտությունը, որը կարող է մեծ նպաստ բերել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին: