Այսօր ընթանում էր Շանթ Հարությունյանի գործով հերթական դատական լսումը: «Ցեղակրոն» կուսակցութան ղեկավար Շանթ Հարությունյանը հրաժարվեց իր փաստաբան՝ Ինեսա Պետրոսյանի ծառայություններից, նա ցանկանում է իր շահերը ինքնուրույն պաշտպանել: Այս հայտարարությամբ Շանթը հանդես է եկել այսօր՝ հուլիսի 16-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստին։
Պաշտպանից հրաժարվելու ցանկություն հայտնեց նաև Շանթ Հարությունյանի որդին՝ նույն գործով մեղադրվող Շահեն Հարությունյանը, բայց դատավորը ասաց, որ անչափահասը չի կարող ինքնուրույն պաշտպանվել, և նրան փաստաբան է անհրաժեշտ։
Շանթ Հարությունյանը՝ ամբաստանյալներ Արմեն Հովհաննիսյանի և Տիգրան Պետրոսյանի փաստաբան Արա Զաքարյանին, խնդրեց լինել Շահեն Հարությունյանի փաստաբանը, ասելով. «Մի տաս օր կարաս, չէ՞, պաշտպանես երեխուն»։ Արա Զաքարյանը համաձայնվում է լինել Շահեն Հարությունյանի դատապաշտպանը:
Շահեն Հարությունյանի վերաբերյալ նոյեմբերի 5-ի գործով ցուցմունք է տվել տուժող ոստիկանը: Ոստիկան Գեղամ Խաչատրյանը նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների ժամանակ մասնակիցներից ստացել է բազմաթիվ հարվածներ, նա պատմում է, որ իրեն հարվածողը եղել է Շահեն Հարությունյանը։
Իսկ Շանթ Հարությունյանին բարկացրեց նաև տուժողի այն խոսքը, թե իբր ինքը պատրաստվում էր գնալ Բաղրամյան 26, բայց նա ժխտեց, ասելով, որ երթ էր անում դեպի Բաղրամյան փողոց, և այդ մասին ոչ ոք չգիտեր: Իսկ Գեղամ Խաչատրյանը ասաց, որ այդ մասին իմացել է ոստիկաններից: Դատավարությանը ներկա է եղել նաև Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը 2013թ.-ի նոյեմբերի 5-ին իր համախոհների հետ երթ էր սկսել դեպի նախագահական նստավայր: Ոստիկանները փորձելով կանգնեցնել երթը հանգեցրել էին բախումների, որոնց արդյունքում էլ ձերբակալվել էին Շանթ Հարությունյանն ու նրա համախոհները: