Այսօր կայացավ Քարվաճառի դիվերսիոն գործողությանը նվիրված մամլո ասուլիս, որի բանախոսն էր ազատամարտիկ, պահեստազորի սպա, նախկին զինվորական, ավագ դասախոս Արթուր Եղիազարյանը: Ասուլիսի ընթացքում փորձ արվեց բացատրել, թե ինչո՞ւ հասարակությունը բաժանվեց 2 խմբերի, ինչո՞ւ այդ դիվերսիան քննարկումների առիթ դարձավ, ինչպես նաև պրն Եղիազարյանը ներկայացրեց, թե ինչպես է լինում դիվերսիան, ովքեր կարող են լինել դիվերսանտներ և այլ հարցեր:
Հնչած հարցին թե ինչ է նշանակում դիվերսիան, ինչպես են կազմակերպվում և ընդհանրապես, ովքեր կարող են լինել դիվերսանտներ, պրն Եղիազարյանը պատասխանեց.
«Հասարակությունը դիվերսանտ ասելով հիմնականում պատկերացնում է, որ նրանք հատուկ պատրաստություն տեսած անձիք են: Մի կողմից դա ճիշտ է: Այսօր ահաբեկչական գործողություններն էլ են դիվերսիա: Հիմա տեսեք, մենք Ադրբեջանի հետ գտնվում ենք այսպես ասած հարաբերական անդորրի մեջ և եթե Ադրբեջանը ասի՝ «այո՛, նրանք դիվերսանտներ են», սա նշանակում է, որ նա պատերազմում է: Բնականաբար ամեն ձևով նրանք պետք է հերքեն սա, որպես պետության կողմից կազմակերպված բան:
Դիվերսանտներին հաճախ պատկերում են, որպես մկանոտ երիտասարդ մարդու: Սա զինվորական հատուկ նշանակության դիվերսանտներն են, բայց դրանք կարող են լինել պարզ հովիվի կամ վարորդի հագուկապով մարդիկ, որ առաջին հայացքից կարող է ոչ ոքի համար կասկածելի չթվա: Դուք պատկերացրեք, եթե ճանապարհով քայլող նման մարդու տեսներիք. ոչ ոքի մտքով, կարծում եմ, չէր անցնի, որ նա դիվերսանտ է: Բայց ոչ մեկս չգիտենք, թե նա ինչ խնդիր է եկել լուծելու»:
Արթուր Եղիազարյանը մասնավորապես նշեց նաև, որ մենք կարող ենք մեզ մոտ առկա տվյալներից ելնելով անել որոշակի ենթադրություններ, բայց հստակ ասել ինչ խնդրի համար են նրանք հայտնվել Քարվաճառում ասել չենք կարող:
«Այստեղից ասել, որ նրանք դիվերսանտներ են մենք չենք կարող և պետք չեն նման քննարկումներ սոց ցանցերում, քանի որ մենք չգիտենք նրանց հիմնական նպատակը»,-ասում է նա:
Շատերը ծաղրանքով են վերաբերվում այս հարցին, բայց ո՛չ...այդքան պարզ պետք չէ նայել:
Ազատամարտիկը կարծում է, որ այս դիվերսիան կրում է հոգեբանական բնույթ, այսինքն՝ նրանց նպատակն էր որոշակիորեն ընկճվածություն առաջացնել մեզ մոտ: Եվ հակառակը՝ սա կառաջացներ ոգևորվածություն ադրբեջանական կողմի մոտ: Նրանք նկարահանում են ամբողջ ճանապարհը և միգուցե նրանց հաջողվեր հասնել նաև մինչև Սևան ու մնալ աննկատ: Իսկ տեսանյութը կհայտնվեր նրանց հեռուստաընկերություններում և կսկսվեին խոսակցությունների այն մասին, թե Հայաստանն անպաշտպան է և այլն:
Լրագրողի կողմից հնչեցրած հարցին, թե մեր կողմից արդյո՞ք լինելու է համապատասխան պատասխան պրն Եղիազարյանը պատասխանեց.
«Ես չեմ կարող ասել և պետք էլ չի ասել: Կան զիվորական գաղտնիքներ, պետական գաղտնիքներ: Մեր հասարակությունը ուզում է իմանալ ամեն ինչ: Չէ՛, ժողովուրդ ջան, էդպես չի, բաներ կան, որ պետք է չիմացվի: Ինչքանով, որ պետք է հրապարակվում է:
Միգուցե պետք չէ ամեն ինչ ի ցույց դնել, որովհետև բոլորս հասկանում ենք, կարող է և հակառակորդ կողմը տիրապետի այս ինֆորմացիային: Ուղղակի ցավալի է, որ հայ մարդը իր պետության աղբյուրներին չի վստահում և ավելի վստահում է ադրբեջանցու գրածին»:
Պրն Եղիազարյանը նաև նշում է, որ մեր սահմանները լավ են հսկվում, սակայն ելնելով աշխարհագրական, բնակլիմայական պայմաններից հնարավոր է անցնել այն:
«Ես ինքս էլ քաղաքական հայացքներով ընդդիմադիր եմ, բայց քաղաքական քո հայացքը ուրիշ է, պետության շահը ուրիշ է: Պետք է գիտակցենք, որ կան ավելի բարձր արժեքներ և չպետք է փորձենք այս ամենը օգտագործենք էժանացնելու նպատակով: Ինձ համար իսկապես ցավալի է, որ բազմաթիվ անգամներ պետական աղբյուրներով ասում են, իսկ մարդիկ շարունակում են ասել սուտ է: Այսինքն հավատն են կորցրել մարդիկ: Մենք ամեն դեպքում պետք է շնորհակալ լինենք այն մարդկանց, ովքեր վնասազերծեցին այս դիվերսիոն խումբը»,-ավարտեց իր խոսքը Ա. Եղիազարյանը: