«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեկ «Росбалт» լրատվական կայքը գրել էր, որ հուլիսի 15-ին՝ Մոնակոյից վայրէջք կատարելիս «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է հայտնի հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը: Ըստ աղբյուրի՝ պատճառը եղել է գործարարի կապը հանցավոր խմբավորման հետ: Թե որքանով են Հայրապետյանին առաջադրված մեղադրանքի իրավական հիմքերն արժանահավատ` ցույց կտա ժամանակը, սակայն նկատի առնելով Ռուսաստանում առկա քաղաքական իրավիճակը, երբ արդարադատությունն իրականացվում է բացառապես Պուտինի հրահանգով և քմահաճույքով (հիշենք Խոդորկովսկուն), չի բացառվում, որ հայազգի գործարարի ձերբակալության հետևում առկա են քաղաքական դրդապատճառներ:

Չմոռանանք, որ Լևոն Հայրապետյանը համարվում է միջազգային մակարդակի լոբբիստ` թե՛ Ցեղասպանության, թե՛ Ղարաբաղի անկախության ճանաչման հարցերում: Բացի այդ, վերջին շրջանում նա հանդես էր գալիս Հայաստանի իշխանությունների հասցեին խիստ քննադատությամբ: Հիշեցնենք, որ իր վերջին աղմկահարույց հարցազրույցում նա ասել էր. «Փոքրիկ Հայաստանում կարելի է կարգուկանոն հաստատել կես տարվա ընթացքում: Պետք է իրականացնել «Ցուցակ» անվանումով օպերացիա` ստեղծելով ոչ թե ժողովրդի, այլ արհեստական օլիգարխների արտագաղթ»:

Ի դեպ, մինչ ռուսական ԶԼՄ-ները նշում են, թե գործարարին ձերբակալել են Մոնակոյից վերադառնալիս, Լևոն Հայրապետյանի ազգականը՝ Վանք գյուղի բնակիչ Վահան Գուրգենյանը, «Ժողովուրդ»-ին հայտնել է, որ գործարարը հուլիսի 9-ից գտնվել է Վանք գյուղում, հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, ապա եկել է Երևան, որտեղից էլ հուլիսի 14-ին մեկնել է Մոսկվա»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: