«Հրապարակ» թերթը գրում է. 

«Մեծաքանակ սփյուռք և մշտական միգրացիա ունեցող պետության կառույցներն առավել զգոն պետք է լինեն, առավել ուշադիր դրսում ապրող իրենց հայրենակիցների նկատմամբ, անգամ եթե այդ հայրենակիցները ոչ թե սեփական, այլ ուրիշ պետությունների քաղաքացիներ են: Տարերային աղետ կլինի, թե պատերազմ, ֆինանսական ճգնաժամ, թե քրեական հետապնդում, Հայաստան պետությունը պարտավոր է հետևել, թե ինչպես են պաշտպանվում հայ մարդկանց իրավունքներն այլ պետություններում:

Դա է պահանջում ոչ միայն տարրական բարոյականությունը, այլև հասարակության շահն ու գործող օրենքները: Այս սկզբունքների շնորհիվ էր, որ հանրությունը ոտքի կանգնեց և իր պաշտպանության տակ առավ վարորդ Հրաչյա Հարությունյանին, ով թեև մարդկանց մահվան պատճառ էր դարձել, բայց հայ է, մարդ է և չպետք է անպաշտպան լիներ այլ պետության տարածքում: Ռուսական դատարանում նրան հագցված ծաղկավոր խալաթն այնպիսի փոթորիկ առաջացրեց, որ հանրության պահանջով սկսեցին գործել նաև մեր պետական կառույցները:

Այս անգամ խնդիրն անշուշտ այլ է՝ ձերբակալվել է հայազգի գործարար, ով Ղարաբաղում բազում բարեգործություններ է արել: Լևոն Հայրապետյանն այն անձանցից է, ովքեր ոչ թե սեփական գրպանի մասին են մտածում, հետո փախչում աշխարհի մի տաքուկ անկյունում իրենց գռփածը վայելելու, այլ երկիր են շենացնում, փորձում բարեկեցիկ դարձնել աշխարհի այն անկյունը, որտեղ ծնվել-մեծացել են: Նման մարդուն ձերբակալելու համար ռուս իրավապահները պետք է շատ զորեղ փաստարկներ ունենային: Դրանք պետք է այնքան անառարկելի լինեին, որ երկու պետությունների հարաբերությունների վրա ստվեր չնետեն: Որ տպավորություն չլինի, թե ռուսական իշխանությունները հերթական շանտաժն են անում՝ քաղաքական ինչ-որ խնդիրներ լուծելու համար»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: