ԼՂՀ Քարվաճառի տարածք հուլիսի սկզբին վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամները ռազմական հանցագործներ են եւ պետք է պատժվեն ԼՂՀ օրենքներով: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողներին ասաց ՀՀ կենտրոնական հավաքակայան այցելած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Ադրբեջանցիները կփորձեն ռազմագերու կարգավիճակ տալ դիվերսիոն խմբի անդամներին, բայց ԼՂՀ ղեկավարության եւ մեր տեսակետն այն է, որ նրանք վարձկան հանցագործներ են, եւ պիտի պատժվեն ԼՂՀ օրենքներով:

Նրանք անօրեն թափանցել են, անօրեն գործողություններ իրականացրել՝ սպանելով երկու հոգու եւ վիրավորելով մեկ զինծառայողի կնոջ»,- ասաց նախարարը:

17-ամյա քարվաճառցի տղայի սպանության մաիսն մախարարը ասաց, որ նախնական վարկածն այն է, որ նրան սպանել է հուլիսի 11-ին Քարվաճառ ներթափանցած դիվերսիոն խմբի վերջին ձերբակալված անդամը։

«Ոստիկաններն իրենց վարույթում ունեն քրեական գործ եւ վերջնականապես կպարզեն, թե ով է դա իրականացրել»,- ասաց նախարարը։

Լրագրողների հարցին, թե ճիշտ են տեղեկությունները, որ նրան առանձնակի դաժանությամբ են սպանել եւ այդ պատճառով են փակ դագաղով հուղարկավորել, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ այդ մասին պետք է հարցնել ոստիկանությանը։ 

«Մի բան վստահ կարող եմ ասել, որ դիվերսանտները Հայաստան չեն մտել: Իսկ տեղում աշխատել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի եւ անվտանգության ծառայության աշխատակիցները, իհարկե, համագործակցելով Հայաստանի սահմանային բնակավայրերի համապատասխան աշխատակիցների եւ հայկական բանակի ստորաբաժանումների հետ: Կարծում եմ, որ որոնումները կատարվել են շատ բարձր մակարդակի: Նախկինում նման երեւույթի կասկածներ եղել են, սակայն երբեք ձերբակալումներ չեն եղել: Դիվերսիոն խումբը վնասազերծվել է հուլիսի 8-11-ն ընկած ժամանակահատվածում, իսկ 4-5 օրում նման բան անելը բավականին բարդ գործընթաց է»,- նշեց նախարարը: