Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ծնունդդ շնորհավոր, Հայոց բանակ
Աներկբա համոզվածությամբ Պարույր Սևակը բանաձևում էր. «Այնտեղ է միայն սխրանքն սկսվում, ուր վերջանում է ամեն մի հնար…»: Հիրավի, աշխարհացունց երկրաշարժի, արցախյան օրհասական պայքարի, տոտալ շրջափակման, խավարի, ցրտի և զրկանքների հարկադրանքով մեզանում վերացել էր ամեն մի հնար: Եվ ահա, Հայոց բանակի բաղձալի ծնունդով իրականացավ սխրանքի «հրաշքը»: Իրար ետևից վերադարձնելով Արցախի գրավյալ տարածքները, գոռ գրոհով ազատագրելով Շուշին՝ մեզ ծնկի բերել երազող թշնամին ինքը ծնկի եկավ` աղերսելով զինադադար:
Մեր բանակը ծնվեց ազատագրական կռիվների ահեղ բոցերում: Ճակատագրի բարեհաճությամբ նրա կենսագրությունը հաղթանակով սկսվեց և այդպես էլ կշարունակվի:
Հայոց բանակի ծննդյան պայծառ օրվա առիթով` հարգանք ու խոնհարում մեր նահատակ հերոսների խնկելի հիշատակին, երիցս փառք ու պատիվ մեր բանակի անցած ճանապարհին և գալիք հաղթանակներին:
Ծնունդդ շնորհավոր, Հայոց բանակ»: