Քիչ առաջ Մարտունիում Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով նշեց, որ չնայած նրան, որ Մարտունիում ինքը հավաքել է 25 տոկոս, բայց այնուամենայնիվ, ինքն իրեն հաղթանակած է համարում:

 «Թվաբանություն, նկարչություն արեցին և ձեզ տվեցին 25 տոկոս, բայց մենք գիտենք, որ Մարտունիում ժողովուրդը հաղթանակ է տարել: Այս հաղթանակը պարտավոր ենք տանել մինչև տրամաբանական ավարտ:Մենք գլխաքանակ չենք, ոչխարի հոտ չենք»,-իր խոսքում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Վերջինս նշեց, որ իր հաղթանակը չեն չափում գլխաքանակով և ՀՀ նախագահին առաջարկեց ճանաչել ժողովրդի հաղթանակը:

«Պարոն Սարգսյանը, ով ժողովրդի կողմից պարտվեց, փորձեց տալ վերջնախաղ, քաղաքապետներին, մարզպետներին վախեցրեց, բայց ժողովուրդը իր պատասխանը կտա: Ես առաջարկում եմ մեր հայրենիքը չտանել դեպի փորձություն, հարգենք ժողովրդին, վախից դուրս գանք: Ժամը եկել է, որ պաշտոնայանները դուրս գան վախից»,-իր խոսքում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ նրա, ովքեր խախտեցին օրենքը, նրանք պետք է պատասխան տան:

«Նրանք, ովքեր խախտեցին օրենքը, առաջին հերթին ոչ թե ցավացրեցին ժողովրդին, այլ հարվածեցին պարոն Սարգսյանին: Ինքը մեղավոր չէ, ճար չունի, որովհետև իր կողմնակիցները այնքան կեղծիք են թույլ տվել, որ հիմա չի ներկայանում ՀՀ ժողովրդին»,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը և ավելացրեց, որ ինքն առաջարկում է նոր արդար ընտրություն անցկացնել: