Շվեյցարական Roche դեղագործական ընկերության կողմից ներկայացված փորձարարականը դեղամիջոցը՝ Կոբիմետինիբը, նույն ընկերության կողմից արտադրվող մեկ այլ դեղամիջոցի՝ Զելբորաֆի համադրությամբ զարգացման ոչ վաղ փուլերում ախտորոշված քաղցկեղով հիվանդ մարդկանց կյանքը երկարաձգելու հնարավորություն է ընձեռում, հաղորդում է NewsMax Health-ը:

Exelixis Inc ընկերության հետ համատեղ ջանքերով մշակված բուժամիջոցը մելանոմայի աճ խթանող BRAF գենետիկ մուտացիայի դեմ արդյունավետ պայքար մղելու լուրջ հավակնություններ ունի: Հարկ է նշել, որ մաշկի քաղցկեղի առաջացման դեպքերի շուրջ 50 տոկոսը վերոհիշյալ մուտացիայի առկայությամբ են պայմանավորվում:

Կլինիկական փորձարկումների երրորդ փուլի շրջանակում երկու դեղամիջոցների համադրությամբ բուժում ստացած 495 հիվանդները, միայն Զելբորաֆով բուժվողների հետ համեմատությամբ, նշանակալիորեն երկար կյանք են ապրել:

Աշխարհում տարեկան 232 հազար մարդու մոտ մելանոմա է ախտորոշվում: Վաղ ախտորոշման պարագայում այն սովորաբար ի սպառ վերանում է, սակայն զարգացման ավելի ուշ փուլերում ախտորոշվելու դեպքում առավելապես մահացու ելք է ենթադրում:

Նշենք, որ Կոբիմետինիբը MEK սպիտակուցների, իսկ աշխարհի ավելի քան 80 երկրներում կիրառություն գտած Զելբորաֆը՝ BRAF մուտացիայի աշխատանքը արգելակելու հատկություն ունեն:

Roche-ն միաժամանակ նաեւ Կոբիմետինիբի՝ այլ փորձարարական դեղամիջոցների հետ համադրություններն է ուսումնասիրում՝ թոքերի եւ կոլորեկտալ քաղցկեղի դեմ պայքարի արդյունավետությունը պարզելու համար: