«Յուքոմ» ընկերության մամլո ծառայությունից հայտնում է, որ Վրաստանում վերականգնվել է մալուխի ամբողջականությունը և ինտերնետ հասանելիությունը վերականգնված է: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Ինչպես հայտնել էինք, երեկ երեկոյան վթար էր տեղի ունեցել Վրաստանի տարածքում, և մեր հիմնական մալուխներից երկուսը մի քանի տեղից վնասվել էին: Մեր ընկերության և վրացական կողմի մասնագետները գիշերվա ընթացքում վերականգնել են մալուխի ամբողջականությունը, և ինտերնետ հասանելիությունը վերականգնվել է:
Այժմ վթարն ամբողջովին վերացված է և բոլոր բաժանորդներին հասանելի է ինտերնետ կապը: Այնուամենայնիվ, եթե կան բաժանորդներ, որոնց մոտ դեռ նկատվում է ինտերնետի խափանում, խնդրում ենք զանգահարել մեր բաժանորդների աջակցության կենտրոն 011 444 444:
«Յուքոմ» ընկերությունը կրկին անգամ հայցում է իր բաժանորդների ներողամտությունը պատճառած անհանգստության համար:»
Հիշեցնենք նաև, որ հուլիսի 23-ին Բագրատաշենի սահմանակետով դեպի Վրաստան գնացող Յուքոմ ընկերության հիմնական մալուխներից երկուսը Վրաստանի հանրապետության տարածքում մի քանի տեղից վնասվել է, ինչի պատճառով մասնակի խափանվել է Հայաստան մատակարարվող տարանցիկ ինտերնետային կապը:


