Լևոն Հայրապետյանի պաշտպանությամբ զբաղվող շտաբը («Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի») հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. 

«Հաշվի առնելով մեր հայրենակից հայտնի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի շուրջ ծավալվող իրավական գործընթացները ու դրանց ընթացքին չխոչընդոտելու կարևորությունը` Լևոն Հայրապետյանի ընկերները, մտերիմները խնդրում և հայտարարում են` զերծ մնալ հանպատրաստից, հախուռն երթեր, ցույցեր կազմակերպելուց: Մենք իրավունք չունենք մեր քայլերով վնասելու իրավական գործընթացը:

Մինչդեռ, կան մարդիկ, որոնք այսօր հանդես են գալիս կոչերով, թե հուլիսի 31-ին կազմակերպվում է երթ՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի: Հայտարարում ենք` մենք այս պահին նպատակահարմար չենք համարում նման երթի կազմակերպումը և տեղեկացնում ենք, որ սույն երթը «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» միասնական շտաբի նախաձեռնությունը չէ:

Միաժամանակ, խնդրում և հորդորում ենք բոլորին առանց շտաբի հետ համաձայնության չձեռնարկել որևէ քայլ: Միասնական շտաբը կմշակի գործողությունների համապարփակ ծրագիր, և մեր բոլոր քայլերը կլինեն սույն ծրագրին համապատասխան»: