Բաքվում ձերբակալվել է Ադրբեջանական իրավապաշտպան Լեյլա Յունուսը: Ձերբակալության հնարավոր պատճառ է համարվում Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելը: Ինչպես տեղեկանում ենք haqqin.az-ից՝ քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել են նրա ավտոմեքենայի վրա ու տարել նրան:
Իրավապաշտպանի ամուսին՝ Արիֆ Յունուսը մասնավորապես հայտարարել է. «Առավոտից դատախազության աշխատակիցները կոտրում են դուռս՝ ինձ ձերբակալելու համար: Հիմա Լեյլա Յունուսը գլխավոր դատախազությունում է, որտեղ ցուցմունք է տալիս Իբրահիմ Լեմբերանսկիին: Լեյլայի փաստաբան Հալիդ Բաղիրովին թույլ չեն տալիս նրա մոտ մտնել: Հավանաբար, նա կձերբակալվի Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով, ինչպես և լրագրող Ռաուֆ Միրկադիրովը»:
Լեյլա Յունուսի ամուսինը չի բացառում, որ կձերբակալեն նաև իրեն: Նա հայտարարել է, որ Գլխավոր դատախազություն է գնալու ինքնակամ, լրագրողների ուղեկցությամբ: