Քիչ առաջ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը վերջապես արեց իր այն կարևոր հայտարարությունը, որի մասին խոսել էր դեռևս մի քանի օր առաջ:
«Ես հայտարարում եմ ոչ թե իմ հացադուլը, այլ իմ կեղծիքադուլը, վախադուլը և ստադուլը և քանի դեռ Սերժ Սարգսյանը ինքնաբացարկ չի արել, ես մնալու եմ Ազատության հրապարակում և հաց չեմ ուտելու»,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինս հորդորեց հանրահավաքի մասնակիցներին հեռու մնալ սադրանքներից և հանդարտ ճանապարհով հասնել հաղթանակի:
«Մինչև ապրիլի 9-ը Սերժ Սարգսյանը ժողովրդի պահանջով պետք է ինքնաբացարկ ներկայացնի»,-իր խոսքում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այնուհետև նշեց, որ ապրիլի 9-ին միասին նշելու են Նոր Հայաստանի հաղթանակը:
«Եթե ապրիլի 9-ին պարոն Սարգսյանը կեղծ երդում տա մեր Սահմանադրության և Աստվածաշնչի վրա, եթե Վեհափառ Հայրապետը պղծի Աստվածաշունչը օրհնելով ժողովրդին հակասող, ծաղրող թեկնածուին, ապա դա իրենք կանեն միայն իմ դիակի վրա»,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը նշեց, որ հավանաբար մարտի 31-ին ինքը չի հասցնի մասնակցել Սուրբ Զատիկի պատարագի արարողությանը:
«Ես պետք է աղոթեմ իրենց համար, եթե մինչև ապրիլի 9-ը իրենց մեջ ուժ չգտնեն: Եթե միչև մարտի 31-ը պարոն Սարգսյանը դուխ, ողնաշար չունեցավ ինքնաբացարկ անելու, ուրեմն ես մի հատ խնդրանք ունեմ. Սարգսյանը թող Վեհափառ Հայրապետին ասի, որ մի խմեք իմ կենացը, այլապես դուք ասեք Սարգսյանին, որ եկեղեցին անջատ է պետություից, ոչ թե գործիք է իշխանության ձեռքում»,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Դիմելով կաթողիկոսին Րաֆֆի Հովհաննիսյանը խնդրեց, որ ինչպես ինքն է աղոթում իր համար, այնպես էլ Վեհափառն աղոթի Րաֆֆի Հովհաննիսյանի համար:
«Առաջիկա շաբաթվա ընթացքում, եթե ՍԴ-ն չուղղի իր հետագիծը, և եթե հակասահամնադրական որոշում կայացնի, ապա իրեն նույնպես պետք է ասենք ցտեսություն»,-ասաց Ր. Հովհաննիսյանը:
Իր ելույթի վերջում Ր. Հովհաննիսյանը նշեց, որ առանց միասնության հաղթանակ չկա: