Շուրջ 1200 հարկ վճարողներ պատրաստ են բարելավել իրենց ցուցանիշները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Ենթադրությունը հիմնված է հուլիսի 30-ի դրությամբ վերլուծությունների վրա: 2014թ.-ի հունիսին առանձնացվել են ռիսկային ոլորտներն ու գործող հարկ վճարողները:
Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ինքնահայտարարագրման միջոցով հաշվարկվել է 520.7 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, մասնավորապես շահութահարկի հաշվարկների ճշգրտումների հետեւանքով 115 հարկ վճարողներ հայտարարագրել են 439.6մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Աշխատավարձի աճ են ապահովել ավելի քան 600 գործատուներ, արդյունքում միջին ամսական կտրվածքով ավելացել է ավելի քան 25.3մլն դրամ եկամտային հարկի գումար: Փաստաթղթաշրջանառության բարելավման, մասնավորապես ճշտված հաշվետությունների ներկայացման արդյունքում հայտարարագրվել է 371.3մլն դրամի լրացուցիչ շրջանառություն եւ հաշվարկել է 55.8մլն դրամի լրացուցիչ հարկ:
Նշվում է նաև, որ ֆիննախի գործողությունների արդյունքում ավելացել է նաև փաստաթղթաշրջանառության մակարդակը:
Ավելի քան 520 հարկ վճարողներ, չընդունելով հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը, հայտնվել են հսկողական միջոցառումների իրականացման ենթակա հարկ վճարողների ցանկում. 96 տնտեսվարողների մոտ իրականացվող միջոցառումներն ընթացքի մեջ են, նրանցից 45-ն առավել խոշոր հարկ վճարողներն են: Ըստ Արմեն Ալավերդյանի, ձեռնարկված քայլերը դրական արդյունք են արձանագրել:
Ֆինանսների նախարարի տեղակալը նաև նշում է. «Բիզնեսի համար հավասար պայմանների ապահովմանը միտված միջոցառումները շարունակական բնույթ են կրելու: Նպատակը` տնտեսությունում ստվերի կրճատման միջոցով պետական բյուջեի մուտքերի ավելացումն է»: