Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ և Գերմանահայկական միության ու «Լեպսիուսի տուն» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի խորհրդարանի (Լանդթագ) շենքում հանդիսավոր կերպով նշվեց Գերմանահայկական միության 100-ամյա տարեդարձը:
Հրավիրված նիստին և տոնական արարողությանը ներկա էին երկրամասի խորհրդարանի նախագահ Գյունթեր Ֆրիչը, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհը, Բրանդենբուրգի գիտության, հետազոտության և մշակույթի նախարարության պետքարտուղար (փոխնախարար) Մարտին Գորհոլթը, Բրանդենբուրգի ավետարանական եկեղեցու առաջնորդը, Գերմանահայոց թեմի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը, Բեռլինի Հումբոլդի համալսարանի ռեկտորը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Գերմանիայում ՀՀ դեսպանության խորհրդական Աշոտ Սմբատյանը, Բրանդենբուրգի խորհրդարանի պատգամավորներ, Բունդեսթագի պատգամավորներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հասմիկ Պողոսյանը, Շտեֆան Դորգերլոհը, Մարտին Գորհոլթը, Աշոտ Սմբատյանը:
Մասնակիցներն իրենց ելույթներում բարձր գնահատեցին Միության առաքելությունը, ինչպես նաև միության պարբերականի դերը, որի միջոցով էլ հայկական շատ թեմաներ հասանելի են դառնում գերմանական հասարակութանը: Խոսվեց միության հիմնադրման տարիներին հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների, միության հիմնադիրներ՝ Լեպսիուսի և Ավետիք Իսահակյանի կատարած աշխատանքների մասին:
Հասմիկ Պողոսյանը միության նախագահ, դոկտոր Րաֆֆի Կանտյանին և Լեպսիուսի թոռ, դոկտոր, պրոֆեսոր Մանֆրեդ Աշքեին պարգևատրեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներով: