«Մենք ապրում էինք գյուղում, հետո սկսեցինք ապրել քաղաքում, իսկ հիմա ապրում ենք համացանցում»
Համացանցին բնութագրող այս մեջբերումը բավականին արդիական է մեր օրերում, հատկապես երբ խոսքը վերաբերում է դեռահասներին: Վերջիններս օրվա մեծ մասը անցկացնում են սոցցանցերում: Այս երևույթը բավականին վատ են ընդունում ծնողները` համացանցն իսկական չարիք համարելով իրենց երեխաների համար: Որքանո՞վ է այսօր դեռահասներին սպառնում սոցիալական հաշմանդամությունը, ինչպե՞ս են ազդում սոցցանցերը նրանց մտածելակերպի վրա և արդյոք համացանցը պետք ծնողներին տագնապելու տեղիք տա: Այս հարցերին փորձեցինք պատասխաննել հոգեբան Կարինե Նալչադյանի օգնությամբ:
- Ինչպե՞ս կարող են ազդել սոցցանցերը շրջապատի հետ հետագա շփումների և մտածելակեպի ձևավորման վրա:
-Կան տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված սոցիալական ցանցեր: Դեռահասները մեծամասամբ ընդգրկվում են դրանցում, քանի որ ունեն շփման խնդիր: Շփման համար մարդուն անհրաժեշտ է համապատասխան հանգիստ հոգեիճակ, որը դեռահասների մոտ բացակայում է: Կան շատ դեռահասներ, որոնք խուսափում են տեսողական շփումից: Նրանց համար համացանցով շփվելն ավելի հեշտ է: Սոցցանցերը դեռահասներին ինքնադրսևորվելու հնարավորություն են տալիս, բայց հաճախ դրանք կարող են ծուղակ դառնալ նրանց համար: Դեռահասները կարող են շփում հաստատել ավելի հասուն և մեծ կենսափորձով մարդկանց հետ, որոնք կարող են մեծ ազդեցություն թողնել նրանց վրա:
-Կարող են արդյո՞ք սոցցանցերը դառնալ դեպրեսիայի պատճառ, եթե այո, ապա ինչու՞և ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ:
-Այո, սոցցանցերն իսկապես կարող են դառնալ դեպրեսիայի պատճառ: Դրանցով չափից շատ տարվելով` դեռահասները սկսում են գերադասել վիրտուալ շփումը, ինչի պատճառով իրական կյանում շփումներն ավելի դժվար են դառնում: Նման դեպքերում մարդ կանգնած է սոցիալական հաշմանդամ դառնալու եզրին: Մարդու մոտ առաջանում է կախվածություն: Նման իրավիճակներից խուսափելու համար մարդ պետք է գիտակցի, որ իր մոտ կախվածություն է առաջանում և կարողանա ճիշտ ժամանակին կանգնել:
- Որքանո՞վ են այսօր սոցցանցերը կանգնած ծնող-երեխա հարաբերությունների արանքում:
-Դեռահասները չափազանց շատ են տարվում սոցցանցերով, ինչը ծնողների դժգոհության պատճառ է դառնում: Ծնողներն անհանգստանում են և իրավացի են, քանի որ սոցցանցերը որոշակի վտանգ են ներկայացնում երեխաների համար, մանավանդ եթե դրանք սկսում են դառնալ նրանց կյանքի անբաժան մասը: Երբ ծնողն արգելում է սոցցանցերից օգտվել, ծնող-երեխա հարաբերությունները սրվում ու դառնում են կոնֆլիկտային: Բայց միևնույն ժամանակ, ծնողը չպետք է շատ տագնապի «համացանց» բառից, քանի որ դրանից չափավոր օգտվելը բավականին օգտակար է, մյուս կողմից էլ ներկայումս անհնար է առանց դրանց ապրել:
Վարդուհի Ստեփանյան